հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հրանտ Դինքի մրցանակները շնորհվեցին միջուկային զենքի և խոշտանգումների դեմ պայքարողներին

Հրանտ Դինքի մրցանակները շնորհվեցին միջուկային զենքի և խոշտանգումների դեմ պայքարողներին

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ստամբուլում հանձնվել են թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անվան մրցանակները: Դրանց են արժանացել է Շեբնեմ Քորուր Ֆինջանջին և Էնջի Զելթերը։

Մրցանակները տրվում են լրագրողների, հասարակական գործիչների և պաշտոնյաների, որոնք աչքի են ընկնում խտրականության, ռասիզմի ու բռնության դեմ պայքարում։ Մրցանակներից մեկը տրվում է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աչքի ընկած գործչի կամ կազմակերպության, մյուսը՝ Թուրքիայից դուրս բնակվող անհատի կամ կազմակերպության:

«Հրանտ Դինք» հիմնադրամը մրցանակները հանձնում է 2009 թվականից ի վեր՝ Դինքի ծննդյան տարեդարձի օրը սեպտեմբերի 15֊ին։

Այս տարի մրցանակը Թուրքիայից շնորհվել է հասարակական գործիչ Շեբնեմ Քորուր Ֆինջանջիին, միջազգային մրցանակը՝ բրիտանացի ակտիվիստ, հասարակական գործիչ էնջի Զելթերին։ Ժյուրիի կազմում էին քաղաքագետ, իրավապաշտպան Բաշքըն Օրանը, ամերիկահայ պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, ամերիկացի իրավապաշտպան Քենեթ Ռոթը, «Գրինփիս» (Greenpeace) միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Կումի Նայդուն, բրիտանացի գիտնական Մերի Քալդորը, «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ, Դինքի այրի Ռաքել Դինքը, ինչպես նաև նախորդ տարվա մրցանակակիր «Շաբաթ օրվա մայրեր» կազմակերպությունը։

Բրիտանացի ակտիվիստ Էնջի Զելթերը մի շարք միջազգային քարոզչական խմբերի հիմնադիր է, այդ թվում՝ միջուկային զենքի դեմ պայքարող «Trident Ploughshares»֊ն (Թրիդենթ Փլաֆշեյրս) ու «Կանանց միջազգային խաղաղության ծառայությունը»։ Զելթերը 90֊ականներից ի վեր՝ ձերբակալվել է ավելի քան 100 անգամ՝ Բելգիայում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Շոտլանդիայում, Նորվեգիայում, Մալայզիայում ու 16 անգամ դատապարտվել ազատազրկման։

Էնջի Զելթեր

1zelter

Մյուս մրցանակակիրը՝ պրոֆեսոր, դոկտոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջին ղեկավարում է Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը, որը Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհրդի անդամ է։ Ֆինջանջին հայտնի է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների, մարդկանց խոշտանգումների դեմ իր պայքարով։ 2011 թվականին նրան է շնորհվել առաջին Միջազգային բժշկական խաղաղության մրցանակը:

Շեբնեմ Քորուր Ֆինջանջի

1fincanci

Նախորդ տարի Դինքի անվան մրցանակները շնորհվել են «Շաբաթ օրվա մայրեր» խմբին՝ մի խումբ կանանց, ովքեր 15 տարի շարունակ հավաքվում են Ստամբուլում՝ հանրության և պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց ընտանիքի անհայտ կորած անդամների ճակատագրերին, ինչպես նաև սերբ իրավապաշտպան Նատաշա Կանդիչին, ով հայտնի է բալկանյան պատերազմի ընթացքում հանցագործությունների մասին իր ֆիլմերով և արձանագրություններով: