Home / Տեսանյութեր / Շաբաթ օրվա մայրեր և սերբ իրավապաշտպան. Ստամբուլում հանձնեցին Դինքի անվան մրցանակը

Շաբաթ օրվա մայրեր և սերբ իրավապաշտպան. Ստամբուլում հանձնեցին Դինքի անվան մրցանակը

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ստամբուլում հանձնել են թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անվան մրցանակները:

«Հրանտ Դինք» հիմնադրամը երկու մրցանակները հանձնում է արդեն 5-րդ տարին անընդմեջ: Մրցանակներից մեկը տրվում է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում աչքի ընկած գործիչներին և կազմակերպություններին, մյուսը՝ Թուրքիայից դուրս բնակվող անհատներին կամ կազմակերպություններին: 

Այս տարի Թուրքիայի մրցանակը մասնագիտական ժյուրին շնորհել է «Շաբաթ օրվա մայրեր» խմբին՝ մի խումբ կանանց, ովքեր 15 տարի շարունակ հավաքվում են Ստամբուլում՝ հանրության և պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց ընտանիքի անհայտ կորած անդամների ճակատագրերին:

Շաբաթ օրվա մայրերը 400 շաբաթ շարունակ հավաքվել են Գալաթասարայի հրապարակում՝ իրենց հետ բերելով ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո անհայտ կորած կամ չբացահայտված պայմաններում մահացած ընտանիքի անդամների նկարները:

Ամեն շաբաթ հարազատներից մի քանիսը բանաստեղծություններ են ընթերցում իրենց հարազատների պատվին, իսկ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել ակցիաներին՝ պահելով անհայտ կորածներից մեկի նկարը:

«Շաբաթ օրվա մայրերի» անունից մրցանակը ստացել են ցուցարարներ Հանիմ Թոսուն, Իքբալ Էրենն ու Էմինե Իչակը: Նրանք հույս են հայտնել, որ նման անհետացումներ ու մահեր այլևս տեղի չեն ունենա:

Այս տարի Դինքի անվան մրցանակ է ստացել նաև սերբ իրավապաշտպան Նատաշա Կանդիչը, ով հատնի է բալկանյան պատերազմի ընթացքում հանցագործությունների մասին իր ֆիլմերով և արձանագրություններով:

Մրցանակների հանձնման արարողության ժամանակ Կանդիչն ասել է, որ հպարտ է նման իմաստալից մրցանակ ստանալ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի:

«Առանց կարեկցանքի խաղաղությունն անհնար է՝ մեր անցյալի կամ այլոց հետ: Խաղաղության միակ պայմանը կարեկցանք է»,- ասել է նա: