Home / Հայաստան / Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա․ «Հրապարակ»

Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա․ «Հրապարակ»

Հայաստանի ազգային պատկերասրահը կարող է նոր տնօրեն ունենալ, կենսաթոշակային տարիքը հատելու առթիվ իշխանությունները որոշել են գործող տնօրեն Փարավոն Միրզոյանին ուղարկել վաստակած հանգստի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ Փարավոն Միրզոյանի պաշտոնավարումը բավական սկանդալային է ստացվել:

«Նա հայտնվել է ոչ միայն մամուլի, այլև ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Փարավոնն առանց հայտարարագիր ներկայացնելու, այսինքն՝ մաքսնանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 1727 կգ նկարներ և քանդակներ, բայց «բռնվել» է և տուգանվել 50 հազար դրամով: Հիշեցնենք նաև, որ, ըստ որոշ հրապարակումների, Փարավոնը յուրացրել է ուրիշին պատկանող և պատկերասրահին ի պահ տրված գեղանկարները: Կոնկրետ 2010թ. Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել էր 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը, հետո պարզվել էր, որ նույն ճակատագրին է արժանացել ևս տասն արձան: Փարավոնի անվան հետ էր կապվում նաև Ազգային պատկերասրահում ինչ-որ ֆիլմի նկարահանումներին հետևած գինարբուքը, երբ բաց էին մնացել ջրի ծորակները, և ջուրն անարգել հոսել էր ներքևի հարկեր՝ շարքից հանելով 5 նկար և 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան: Պատճառված վնասը մասնագետները գնահատում էին մի քանի միլիոն դոլար», ֊ գրում է թերթը: