Թեև 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով, մասնավորապես, Հայաստանը դեռ հաջողության չի հասել մոտ 900 անուն ապրանքատեսակների մասով բանակցություններում։ Հայաստանցի պաշտոնյաները բանակցում են, որպեսզի այդ ապրանքատեսակների մաքսատուրքերը Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո չբարձրանան։
Եթե բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, ապա ՄՄ֊ին և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու:
Երեկ թերթը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանից փորձել է պարզել՝ արդյոք հայկական կողմին հաջողվե՞լ է պայմանավորվել և խուսափել թանկացումներից:
«Նախարարն արդեն ասել է, որ տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, որից հետո մեզ հայտ չի ներկայացվել: Հիմա դաշտն արդեն քաղաքական մասում է, այսինքն՝ ՀՀ արտգործնախարարությունը համաձայնագիր է պատրաստում, մենք այս պահին ասելիք չունենք»,-պատասխանել է նախարարության ներկայացուցիչը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ թանկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ։
Նշենք, որ թանկացման ենթական ապրանքների թվում են շաքարավազը, դեղերը, երկրորդական շուկայից ներմուծվող ավտոմեքենաները, թռչնամիսը։