Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ֊ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանին: Այս մասին ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Պաշտոնական վարկածի համաձայն, Երևանի բնակիչ Ռ. Իսկանդարյանը, խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 դոլարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի և ձևակերպումների, ամուսնության կեղծ վկայական տրամադրել։ Կիրակոսյանը նշել է, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն, դրանով ստանալ անձնագիր և հնարավորություն ունենալ կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Կաշառք ստանալու դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար):