Սուրիկ Խաչատրյանի (մականունը` Լիսկա) Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Սյունիքում ոմանք սարսափած են նրա վերադարձից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ դրանք այն մարդիկ են, որոնք Սուրիկ Խաչատրյանի ժամանակավոր գահընկեցության ընթացքում համարձակվել են նրա թերությունների մասին խոսել:
«Մենք որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ այդ խոսակցությունները հասել են Լիսկայի ականջին, և նա անձամբ զանգահարել ու հաթաթա է տվել, թե հետ եմ գալու «կաշիներդ քերթեմ»», ֊ նշում է թերթը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում էր վերանշանակվել 2 օր առաջ։ Մարզպետի պաշտոնը նա լքել էր 2013 թվականի հունիսին իր տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, երբ սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։ Բուդաղյանների ընտանիքի փաստաբանը բազմիցս նշել է, որ գործը պատշաճ կերպով չի քննվել և կրակոցն արձակվել է Խաչատրյանի տան ներսից, որտեղ այդ պահին միայն մարզպետն էր գտնվում։