«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծն անհայտ կորել է, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպությունը դեռևս 2004 թվականին նախաձեռնել է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 2007 թ. օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, սակայն հավանության չի արժանացել: 2010 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշակած նախագիծը պետք է վերամշակեր և համապատասխանեցներ միջազգային չափանիշներին և Կարմիր խաչի տիպային օրինակներին:
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ օրենքի արդեն վերջնական մշակված նախագիծը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարություն, սակայն նախագիծը ՀՀ Ազգային ժողովում չի հայտնվել, քանի որ, ըստ ՀՀ Արդարադատության նախարարության գրության, «…նախագիծը չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրական պահանջներին…»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. հուլիսի 21-ի գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունից խնդրել է տրամադրել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, այն օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու և կրկին անգամ ներկայացնելու համար: ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նածագիծը ձեռք բերելու համար կազմակերպությունը կարող է դիմել հիշյալ օրենքի նախագիծը մշակող մարմին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Կազմակերպությունը 2014 թ. օգոստոսի 27-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն նախագիծը ստանալու խնդրանքով, սակայն, ինչպես պարզվել է նախարարության պատասխան գրությունից, նախագիծը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չունի և խնդիրը պարզելու համար իր հերթին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:
«Այլ բան չի մնում անել, քան ենթադրել, որ այս երկու իրավասու պետական կառույցները, որոնք մասնակցություն են ունեցել օրենքի նախագծի կազմմանը, իրենց արխիվում չեն գտնում օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի անհայտ կորցնելը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՀՀ համապատասխան մարմինները պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին: Հուսով ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կձեռնարկեն անհրաժեշտ ջանքեր հայտնաբերելու և տրամադրելու պետական մարմիններում անհետացած «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը», ֊ նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: