Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունն անելանելի վիճակի մեջ է դնում փոքր և միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների: Այս մասին ասված է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ օրենքի ընդունման ժամանակ Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը դեմ էր արտահայտվել նշված փոփոխությանը` զգուշացնելով դրա բացասական հետևանքների մասին:
«Սակայն գործող վարչախումբը, հարազատ մնալով իր գործելաոճին, հակամենաշնորհային օրենքներ ընդունելու, իշխանության հետ սերտաճած խոշոր օլիգարխներին տրված անօրինական հարկային և մաքսային արտոնություններից զրկելու փոխարեն, ստվերի դեմ պայքարի քողի տակ իրականում ոչնչացնում են փոքր և միջին բիզնեսը:
Մի քանի օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: Քաղաքացիների պահանջներին ի հակազդեցություն, գործի են դրվում ռեժիմի զինանոցի ամենաքստմնելի միջոցները, ինչպես, օրինակ, ոսկու շուկայի սեփականատիրոջ անօրինական քայլերն ու պահանջները: Մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն», ֊ նշում է Հայ Ազգային Կոնգրեսը:
Հայտարարության հեղինակները պահանջում են գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
«Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին և պատրաստ է սատար կանգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց շահերի պաշտպանության գործում: Այս առումով, Կոնգրեսը մասնավորապես հրատապ է համարում Ազգային ժողովի՝ Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից նախաձեռնած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը», ֊ եզրափակում է հայտարարությունը:
Նշենք, որ ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են հարցը քննարկելու համար ԱԺ֊ում արտահերթ նիստ անցկացնել։ Նրանք օրենքի նոր նախագծի երկու տարբերակ են մշակում, որոնցից մեկով, մասնավորապես, առաջարկվում է ձեռներեցներին թույլ տալ ընտրել, թե «Շրջանառության հարկի մասին» որ տարբերակով են ցանկանում աշխատել ձեռներեցները։ Համաձայն օրենքի ներկայիս տարբերակի շրջանառության հարկը կազմում է 3.5 տոկոս, սակայն ձեռնրեցներից ավելորդ թղթաբանություն չեն պահանջում։ Նոր օրենքի համաձայն, հարկը կազմելու է 1 տոկոս, սակայն ձեռներեցները պարտավորված են լինելու բոլոր ապրանքատեսակների մանրամասն նկարագրությունը ներկայացնել հարկային մարմիններին։