Հոկտեմբերի 2 վաղ առավոտից Սևանի հացի գործարանի առջև հերթեր էին: Խանութների ու կրպակների փակ դռները ծեծելուց հետո սևանցիները այլընտրանք չունեին, ստիպված էին ժամերով հերթ կանգնել՝ գործարանից հաց գնելու համար։
«Շատ վատ ա վիճակը Հայաստանի: Քանի գնում` ավելի ա վատանում», – «Ազատությանն» ասել է հերթում կանգնած մի կին:
«Փակ են, լրիվ խանութները փակ են` մեր լավ ղեկավարի էրեսից», – շարունակել է մի տարեց տղամարդ:
Իրենց խանութներն ու կրպակները փակած առևտրականներ էլ Սևանի շուկայի հարակից տարածքում բողոքի ակցիա էին անցկացնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
«Էնպիսի օրենքներ դնեն, որ մարդկանց ձեռ տա, կարանան աշխատեն, տուն պահեն», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Առևտրականները նշել են, թե Երևանում նստած կառավարությունը իրենց խնդիրները լուծելու փոխարեն դրանք բազմապատկում է, մինչդեռ անգամ իրենք Սևանում գիտեն՝ ովքեր են Հայաստանի խոշոր գործարարները. «Հսկայական «հարսնաքարերին» չի ասում, հսկայական ցեմենտի գործարանին չի ասում, քարի ցեխին չի ասում… Խոշոր ներկրողին չի կպնում, բարձր բիզնեսներին չի կպնում, էկել ավել ծախողին, շեմուշկա ծախողին, բուլավկա ծախողին…»։
Սևանցի առևտրականները սպառնում են՝ եթե իրենց պահանջները չկատարվեն, առաջիկա օրերին էլ կփակեն խանութները, անգամ՝ եկամտից զրկվելու գնով։