«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանի՝ լրագրողների հետ հանդիպում անցկացնելու դիմումը մերժվել է։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը։
Նա ասել է, որ իր ամուսնուն երեկ տեղեկացրել էին, որ դիմումն ընդունված է, ասուլիսի ժամի մասին կալանավորին ավելի ուշ կտեղեկացնեն։ Դրանից հետո Արտակ Հակոբյանն արդեն իսկ սկսել էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այսօր առավոտյան, սակայն, դատապարտյալը ՔԿՀ֊ի պետից մերժում էր ստացել։
«Ասել են, որ Արտակը չի կարող ասուլիս հրավիրել և իր ասելիքը հասցնել հանրությունը, քանի որ ՔԿՀ֊ն գերծանրաբեռնված է»,֊ ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իր ամուսինը դիմելու է դատարան՝ բողոքարկելով այս որոշումը։
Երեկ ցերեկը Epress.am֊ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասել էր, որ դեռևս հստակ որոշում չկա՝ կթողնեն արդյոք դատապարտյալին ասուլիսով հանդես գալ, թե ոչ:
Նշենք, որ Հակոբյանը սեպտեմբերի 26֊ին ինքնանվասման փորձ էր արել, քանի որ, իր պնդմամբ, ճնշումների էր ենթարկել ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանի կողմից։ Ասուլիսի ընթացքում նա ցանկանում էր խոսել բանտային կյանքի և իր նկատմամբ առկա ճնշումների մասին։
Նախկինում Հակոբյանը մի քանի անգամ բողոք է ներկայացրել ՔԿՀ-ների դեմ՝ դիմելով դատարան: Ըստ դատապարտյալի՝ իր նկատմամբ ճնշումներ են գործադրում, իսկ իրենից վրեժ լուծելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ իր ցուցմունքների հիման վրա համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը և նույն ՔԿՀ-ի ևս մեկ աշխատակից: