Արտասահմանյան պետությունների վերահսկող մարմինները կարող են թույլ չտալ Հայաստանից դեղերի ներմուծումը, եթե փաթեթավորման տուփի վրա հայտնվեն ավելի վաղ չնախատեսված դրոշմապիտակները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։
Նշենք, որ, համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, պարտադիր դրոշմապիտակավորումը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 31֊ից։
Զաքարյանն ընդգծել է, որ ողջ աշխարհում դեղամիջոցների արտադրությունն ու ներմուծումը հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում, ստուգում են ոչ միայն բաղադրությունը, այլև փաթեթավորումը, ու եթե տուփի վրա ինչ֊որ փոփոխություններ տեսնեն, դեղամիջոցը կարող են հետ ուղարկել, նշել է Զաքարյանը։
Հայաստանում գործում է դեղ արտադրող 17 ընկերություն, որոնց կեսը նաև արտահանող է։ ՀՀ կառավարությունը նոր օրենքով պարտադրում է արտադրողին դեղերը դրոշմապիտակավորել, սակայն, Զաքարյանի խոսքով, մի շարք խնդիրների մասին չի խոսում։
Նա ընդգծել է, որ Հայաստանից ուղիղ արտահանման դեպքում դրոշմապիտակը պարտադիր չէ, բայց հաճախ դեղը արտահանում է երրորդ ընկերություն, ու այդ դեպքում դրոշմապիտակը պարտադիր է։
Հայաստանը 2013 թվականի ընթացքում 6,55 միլիոն դոլարի դեղ է արտահանել, ինչը 2012 թվականի ցուցանիշից 11% ավելին է։ Հիմնականում դեղերն արտահանվում են ԽՍՀՄ նախկին հանրապետություններ։