Թուրքիայի ավելի քան 20 նահանգներում անցկացված բողոքի ակցիաների հետևանքով մահացել է 15 մարդ, տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։
Նահանգներից վեցում՝ Դիարբեքիրում, Մարդինում, Սիիրթում, Մուշում, Վանում և Բաթմայում, որտեղ բողոքի ցույցերն ու անկարգություններն առավել վտանգավոր բնույթ էին ստացել, հոկտեմբերի 8֊ից պարետային ժամ է մտցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երիտասարդների խմբերը քանդում են խանութները, ոչնչացնում համայնքային սեփականությունը, քարեր ու պայթուցիկ նյութերով շշեր նետում ոստիկանական մեքենաների ու շենքերի վրա։
Բողոքի ցույցերի մասնակիցների մեծ մասը Թուրքիայի քրդերն են։ Բողոքի պատճառը սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերն են։ Այնտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները հարձակվել են քուրդ բնակչության վրա։
Ցուցարարները բողոքում են պաշտոնական Անկարայի անգործության դեմ, որն ամրապնդել է սահմանի պաշտպանությունը, սակայն ընդունել է սպասողական դիրք ու չի միջամտում Քոբանի քաղաքում տեղի ունեցող հակամարտությանը։
Թուրքիայի ՆԳՆ֊ն հայտարարել է, որ ոստիկանությունը չի պատրաստվում հանդուրժել սադրիչներին, որոնք սրում են իրավիճակը քուրդ բնակչության շրջանում՝ սուտ տեղեկություններ տարածելով Քոբանիում տեղի ունեցողի մասին։
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու, առանձին դեպքերում, ռետինե գնդակներ է կիրառում։ Թուրքիայի ԶԼՄ֊ների համաձայն, ցույցերի զոհերը մահացել են ամբոխից ստացած հրազենային ու դանակով հասցված վնասվածքներից։