«Սևանի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության նախկին ֆինանսիստ Գ․Բ․֊ին աշխատանքից ազատելու համար պաշտոնապես հիմք է հանդիսացել Գեղարքունիքի մարզպետարանի վերստուգող Սոնյա Սիմոնյանի կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտված խախտումը։ Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում է պարզվել, որ ֆինանսիստը որևէ խախտում չի կատարել, նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ընդգծելով, որ նույն քրեական գործի շրջանակներում «թույլ են տրվել մի շարք ակնհայտ խախտումներ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գ․Բ․֊ի գործի շրջանակներում քննարկվել են նաև «Սևանի պոլիկլինիկա»-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանի և նույն հաստատության գլխավոր հաշվապահ Զ. Ալավերդյանի կողմից իրականացված 2 այլ խախտումների դեպքեր:
Այսպես, 2011 թ. հունիսի 23-ին Հասմիկ Ղազարյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.8 (Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը) հոդվածով ենթարվել է վարչական տույժի 161 հազար 100 դրամի չափով: 2012 թ. դեկտեմբերի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 236-րդ (Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները) հոդվածով Հասմիկ Ղազարյանը ենթարկվել է 60 հազար դրամի չափով վարչական տուգանքի:
«Թե՛ առաջին, ու թե՛ երկրորդ դեպքերում Հասմիկ Ղազարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հանձնարարել է կազմակերպության գլխավոր հաշվապահին վերոհիշյալ տուգանքները վճարել «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի միջոցներից, այն է՝ պետական սեփականություն հանդիսացող գումարից: Այս պատմության ամենաուշագրավ մասը՝ վերոնշյալ մասով նույնպես քրեական գործը կարճվել է հաշվապահի դեպքում համաներման կիրառմամբ, իսկ տնօրենի դեպքում՝ իրադրության փոփոխման հիմքով: Թե ինչպես է իրադրությունը փոխվել և ինչ պատճառներով է Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դ. Շահբազյանը կայացրել այսպիսի որոշում, մնում է անհասկանալի: Դատական պրակտիկայում դժվար կլինի գտնել այսպիսի գործ, երբ նման իրավիճակում քրեական գործը կարճվի նախաքննության փուլում, առանց դատական կարգով քրեական գործի լուծման: Տվյալ դեպքում ակնհայտ է քննիչի և քրեական գործով մեղադրվող տնօրենի միջև համաձայնության առկայությունը», ֊ նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: