Այսօր ԱԺ-ում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրել է Կառավարության նախագիծը, որով նախատեսվում է սահմանամերձ գյուղերի գործարարներին հարկային արտոնություններ տրամադրել: Թեև արդեն կա օրինագծի ուժի մեջ մտնելու ժամկետը` 2015 թվականի հունվարի 1, սահմանամերձ գյուղերի ցանկը Կառավարությունը դեռ չի սահմանել: Մոտավոր հաշվարկներովч Կառավարության օգնությունը լինելու է 27-ից 47 համայնքներում և կազմելու է 2,5 միլիարդ դրամ:
Միրումյանը նշել է, թե ինչ արտոնություններ է տրվելու սահմանամերձ գյուղերում գործարարներին։ Օրինակ, արտադրական գործունեություն վարողներն ազատվելու են ԱԱՀ-ից և եկամտային հարկից, առևտրային գործունեությամբ զբաղվողները՝ շրջանառության հարկից, և այլն:
Ավելի վաղ 54 ձեռնպահ, 40 կողմ և 3 դեմ ձայների համամասնությամբ ԱԺ-ն մերժել էր նման մի օրինագիծ, որը ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հարցին, թե ինչով է Կառավարության ծրագիրը տարբերվում ՀԱԿ խմբակցության պատգամավորի նախագծից, Միրումյանը պատասխանել էր, թե Փաշինանի ծրագրին ծանոթ չէ:
«Ես զարմացած եմ, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստում ձեզ հանձնարարել է, որ այդ նախագիծը քննարկեք, և եթե ողջամիտ առաջարկներ կան, ներառեք ձեր նախագծում: Այս փաստը դուք հաստատել եք իմ հետ զրույցում: Եթե ծանոթ չեք, ո՞նց եք որոշել ողջամիտ առաջարկ կա՞, թե՝ չէ»,- հարցրել է Փաշինյանը:
Միրումյանն ասել է, որ օրինագիծը Փաշինյանի հետ քննարկել է ոչ թե ինքը, այլ տարածքային կառավարման նախարարի տեղակալը:
«Այո, մենք ունեցել ենք հեռախոսային խոսակցություն, ես առաջարկել եմ, որ ձեր առաջարկությունները ներկայացնեք և քննարկենք այս նախագծում ներառելու հարցը»,- ասել է Միրումյանը:
Փաշինյանը, մասնավորապես, առաջարկում էր սահմանապահ գյուղերի համար սահմանել 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով, ինչպես նաև սահմանապահ համայնքների բնակիչներին ազատել հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից: Նման կետեր կառավարության նախագծի մեջ չկան։