Թուխմանուկի ոսկու հանքավայրը վտանգ է ներկայացնում Արագածոտնի մարզի միանգամից 3 համայնքների համար (Միրաք, Ռյա Թազա, Մելիքգյուղ)։ Այս մասին ասված է «Էկոլուր» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ուղարկված Կարծիքի մեջ։
ՀԿ֊ն նշում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է մերժի «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից ներկայացրած Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը:
«Սեպտեմբերի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում վերոնշյալ նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ հնչեցին համոզիչ ապացույցներ ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանի կողմից, որ նախագիծն ապօրինի է, քանի որ ընկերությունը շահագործել է Թուխմանուկի հանքավայրը բաց եղանակով առանց համապատասխան թույլտվությունների, ինչը պետք է արտացոլված լինի հասարակական լսումների արձանագրության մեջ:
Հանրային լսումների ժամանակ բնապահպանները ներկայացրեցին քարտեզ, որի վրա պարզ երևում է նոր պոչամբարի տարածքը, որն իր երկրաբանական դիրքով և ծավալներով վտանգ է ներկայացնում միանգամից երեք համայնքների համար: Պատասխանելով բնապահպաններին՝ «Ակունք-ֆիրմա» ընկերության տնօրեն, նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը ժխտել է այդ քարտեզի առկայությունը՝ նշելով, որ այն նախագծի հետ ոչ մի կապ չունի: Հետևաբար, եթե այդ քարտեզը առկա է, և այնտեղ կան շատ բարձր ռիսկեր, պետք է դրանք հաշվի առնել, իսկ եթե այն չկա, ապա այս նախագծում պետք է լինի նոր պոչամբարի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) և պետք է կազմակերպվեն նոր հասարակական լսումներ», ֊ ասված է «Էկոլուրի» կարծիքի մեջ:
ՀԿ֊ն ընդգծում է նաև, որ հանքավայրի տարածքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում: Բաց հանքի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում տեղի ջրային աղբյուրների համար, որոնց սպառնում է աղտոտվածություն ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով:
«Էկոլուրը» նաև ընդգծում է, որ ընկերությունը դեռ չի ռեկուլտիվացրել շահագործած երկու պոչամբարները, և անգամ շատ քիչ անձրևի դեպքում այդ պոչամբարի թունավոր պոչերը տարածվում են շրջակա միջավայրում, հողերի և ջրերի մեջ: