Ի՞նչ է շահում սահմանամերձ գյուղի բնակիչը, եթե այնտեղ խանութպանը որոշ տոկոս պակաս հարկ տա։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ինքն էլ պատասխանելով․ «Ոչինչ»:
Խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի մասին, որով նախատեսվում է սահմանամերձ գյուղերում նվազեցնել ձեռնարկատերերի հարկերը, Բագրատյանն ասել է, որ դա ընդունելու հետևանքով «ընդամենը Երևանից բիզնեսը գնալու է այնտեղ»։ Նշենք, որ կառավարությունն օրենքով սահմանվող օգնության փաթեթը գնահատում է մոտավորապես 25 միլիարդ դրամ։
Ըստ պատգամավորի՝ օրենքի նախագծում անիմաստ կետ է այն, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին նախատեսվում է արտոնություններ տալ հիփոթեքային վարկ տրամադրելիս, քանի որ այդ համայնքներում շենքեր չեն կառուցվում:
«Երևանից դուրս համարյա տուն չի շինվում: Ի՞նչն էր խանգարում այդ 25 միլիարդով հանրային աշխատանքներ կազմակերպել»,- ասել է Բագրատյանը: