Սկեսուրի և ամուսնու կողմից ծեծի ենթարկված և խոշտանգված Մարիամ Գևորգյանն այժմ դատական կարգով դրամական փոխհատուցում է պահանջում սկեսրոջից՝ Հայկանուշ Միքայելյանից, իր կրած վնասների վերականգման համար։ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանի խոսքով՝ կինը, սակայն, բախվում է դատարանի և նշանակված փորձագետների կանխակալ վերաբերմունքին:
Փաստաբանը տեղեկացրել է, որ Գևորգյանը 2 միլիոն 623 հազար դրամ է պահանջում բժշկական որպես ծառայությունների ծախսի փոխհատուցում, ինչպես նաև ապագայում կատարվելիք բժշկական ծախսերի համար, և 10 միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Դատարանը հանձնարարել է փորձաքննությունն իրականացնել Փորձագիտական ազգային բյուրոյում։ Նույն փորձագետները կատարել էին փորձաքննություն նաև քրեկական գործի դատավորության շրջանակներում։ Մարիամ Գևորգյանի կարծիքով՝ այն ժամանակ փորձագետները կողմնակալ եզրակացություն էին տվել:
Գալստյանը նշել է, որ այս անգամ նույն բանն է արվել:
«Մենք միջնորդել էինք փորձաքննական խմբից ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները. կա արդյոք Մարիամ Գևորգյանի մոտ աշխատունակության կորուստ, և եթե կա՝ ինչ բուժում է անհրաժեշտ Գևորգյանին, կա արդյոք, օրինակ, կուրորտային բուժման կարիք, եւ վնասվածքների, որ մասն է արդեն վերացվել, որը՝ ոչ: Փորձագետները տվել են թերի և ոչ ամբողջական եզրակացություն»,- ասել է փաստաբանը:
Ըստ եզրակացության՝ Մարիամ Գևորգյանի միայն մեկ սպին է հնարավոր վերականգնել պլաստիկ վիրահատությամբ, և մեկը՝ պիլինգ մեթոդով:
Մինչդեռ Գալստյանը դատարանին ներկայացրել է 5 բժշկական հաստատությունների երաշխավորագրեր, որոնք վկայում են, որ մյուս սպիերն էլ է հնարավոր վերագանգնել՝ լազերային մեթոդով: Եզրակացության համաձայն՝ Մարիամ Գևորգյանի մոտ աշխատունակության կորուստ առկա չէ:
Երեկ կայացած դատական նիստում Գալստյանը հարցեր է ուղղել փորձագետներին։ Նրանք ասել են, որ փորձաքննության անցկացման պահին չեն իմացել նշված մեթոդների մասին:
Փաստաբանը Epress.am֊ին ասել է, որ նախագահող Ելենա Քոչարյանն ակնհայտ կողմնակալ է եղել, մասնավորապես, թույլ չի տվել որոշ հարցեր տալ փորձագետներին:
«Էթիկայից դուրս եք գալիս: Դուք երիտասարդ մասնագետին անհարմար վիճակում եք դնում»,- ասել է Քոչարյանը:
Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 29-ին, Նոնա Գալստյանը միջնորդելու է կրկնակի փորձաքննություն անկացնել:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Մարիամ Գեւորգյանը 2010թ. հունիսին ամուսնացել է Դավիթ Զիրոյանի հետ և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրել է ամուսնու և նրա մոր հետ: Հայկանուշ Միքայելյանը Մարիամին ծեծել է գրտնակով, վառել է նրա մարմինը և լեզուն կրակայրիչով ու արդուկով` պատճառաբանելով, թե աղջիկը փնթի հարս է: Ամուսինը նույնպես ծեծի է ենթարկել կնոջը։
Դատարանը Գևորգյանի սկեսրոջը՝ Հայկանուշ Միքայելյանին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: