Հրապարակախոս Գյունալ Քուրշունը Today's Zaman-ում իր բլոգում գրում է Թուրքիայում փոքրամասնությունների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․
«Ժամանակ առ ժամանակ մենք քննարկում ենք Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների իրավիճակը։ Փոքրամասնությունների խումբը սոցիոլոգիական կարգ է ժողովրդագրական մեծամասնության ներսում։ Եզրը վերաբերում է մի կարգի, որը տարբերակվում ու սահմանվում է հասարակությունում իշխանության կրիչ սոցիալական մեծամասնության կողմից։ Տարբերակումը կարող է հիմնված լինել բազմաթիվ հատկությունների վրա՝ ազգություն, ռասա, սեռ, հարստություն, առողջություն կամ սեռական կողմնորոշում։
Լոզանի պայմանագրից հասկանալի է, որ Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիները կունենան փոքրամասնությունների իրավունքներ։ Չնայած՝ Թուրքիայում դա ընդունված համոզմունք է, Լոզանի պայմանագրում որևէ կերպ նշված չէ, որ փոքրամասնական խմբերը բացառապես կազմված են հույներից, հրեաներից ու հայերից։ Ասել, որ Թուրքիայում բնակվող բոլոր ոչ մահմեդական խմբերը հույն են, հրեա կամ հայ, բավական «նեղ սահմանում է», քանի որ բացառում է բամաթիվ այլ խմբեր, օրինակ, ասորիներին։
1934 թվականին Թրակիայում հույների ջարդերից, 1942 թվականին հույների, հայերի ու հրեաների դեմ կիրառված հարստության հարկից, 1955 թվականի սեպտեմբերին բոլոր փոքրամասնությունների դեմ սանձահարված վանդալիզմից հետո Թուրքիայում մնացել են ընդամենը մի քանի հազար ընտանիքներ, որոնք համարվում են փոքրամասնություն։ Շատ պաթետիկ է, որ Թուրքիայի քաղաքականության՝ փոքրամասնությունների ընկալումը մշտապես հիմնված է եղել անվտանգության վրա։ Այս ընկալման համաձայն՝ փոքրամասնությունները տրոյական ձի են Թուրքիայի հասարակության ներսում ու կարող են վտանգ հանդիսանալ սովորական թուրքերի համար։ Մինչդեռ, Թուրքիայում մահմեդականներն ու ոչ մահմեդականները դարեր շարունակ խաղաղ ապրել են կողք կողքի։ Այս մշակութային ժառանգությունը լի է բարեկամության մասին պատմություններով։
Կարծում եմ՝ պաթետիկ է, երբ փոքրամասնությունների մի քանի հազար անդամները 77 միլիոնի համար կարող են վտանգ համարվել։ Իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են այս մարդիկ սպառնալ Թուրքիայի բնակչության ճնշող մեծամասնությանը։ Միակ բացատրությունն այն է, որ մեր նախկին ղեկավարները կույր էին կամ չունեին համարձակություն տեսնելու, որ փոքրամասնությունների իրական ինտեգրումը Թուրքիային ավելի ուժեղ կդարձներ։ Միայն թե ունենայինք ղեկավար, որն ի վիճակի կլիներ պատկերացնել այդ պայծառ ապագան։
Վստահ եմ՝ փոքրամասնությունների խնդրին ավելի լավ մոտեցում կա․ եթե Թուրքիան իր առնվազն 150֊ամյա, «Միություն և առաջադիմություն» կուսակցությունից եկած ընկալման քաղաքականությունը փոխարինի գիտության ու առևտրի վրա հիմնված քաղաքականությամբ, ապա դա շատ ավելի ձեռնտու կլինի բոլոր կողմերի համար, ու մենք ավելի պայծառ ապագայի հեռանկար կունենանք։ Միայն դրանից հետո կարող ենք խաղաղություն ունենալ հայրենիքում ու խաղաղություն ակնկալել աշխարհում։ Ավելին, դա կազդի արտաքին քաղաքականության վրա, ու մենք որևէ խնդիր չենք ունենա հարևանների հետ»։