Home / Հայաստան / Դատախազությունը քրեական գործեր է հարուցել քննիչների նկատմամբ

Դատախազությունը քրեական գործեր է հարուցել քննիչների նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ, հաղորդում է դատախազության կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատախազների որոշումներով քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ։

Հարուցված քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար: Քննիչների անունները հաղորդագրության մեջ նշված չեն։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ղեկավարում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Հայաստանյան ԶԼՄ֊ները գրում են, որ Հովսեփյանի և ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հարաբերությունները լարված են, և հարուցված քրեական գործերը կարող են այդ հակամարտության հետևանք լինել։