Հայաստանում քննչական գործողությունները երբեմն կատարվում են գոյություն չունեցող անձանց միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ եղել են դեպքեր, երբ քննչական գործողություններին մասնակցել են նաև նաև մարդիկ, ովքեր չեն իմացել, որ իրենք որևէ գործով ընթերակա են ներգրավվել և իրենց ստորագրությունն առկա է քննիչի կազմած արձանագրությունների ներքո:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2 դեպք է ներկայացնում, որոնք վերաբերվում են անհայտ ընթերակաների ներգրավմամբ իրականացված քննչական գործողություններին:
Առաջին դեպքում ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ Տ. Թադևոսյանը 2014 թ. մարտի 17-ին քաղաքացու ավտոտնակում զննություն է կատարել և, ըստ քաղաքացու հայտնած տվյալների, ընթերակակներ այդ պահին չեն եղել և քննիչը ստորագրել է նրանց փոխարեն։ Ավելին՝ նշված անուն֊ազգանունով մարդիկ Հայաստանում գոյություն չունեն:
Երկրորդ դեպքում ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մխիթարյանի կողմից 2012 թ. մայիսի 7-ին կատարված ձայնասկավառակներ ներկայացնելու և վերցնելու, ինչպես նաև մինչ այդ՝ 2012 թ. ապրիլի 27-ին փաստաթղթերի զննում կատարելու մասին կազմված արձանագրություններում նշված ընթերականերից մեկը եղել է ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակցուհի:
Նույն քաղաքացու գործով 2012 թ. մայիսի 15-ին ձայնասկավառակների զննում է իրականացվել, որի ժամանակ «ներկա են եղել» 2 ընթերականեր: Ինչպես հետագայում է պարզվել, ընթերականերից մեկը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացուց է տեղեկացել, որ ինքն այդ գործով ընթերակա է եղել: Առաջին դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարուցվել է քրեական գործ՝ հանցագործության մասին հաղորդումն ընդունվել է վարույթ և սկսվել է նախաքննությունը: Երկրորդ դեպքով ՀՔԾ ավագ քննիչ Ա. Մինասյանը գտել է, որ Ս. Մխիթարյանի արարքներում բացակայում է հանցակազմը և կայացրել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ընթերակաների մասին ՀՀ օրենքում ասվում է ՝ ընթերական քրեական գործով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները: Նշված դեպքերից և ոչ մեկով օրենքի այս դրույթը չի պահպանվել և ոչ մի քննիչ օրինախախտման համար չի պատժվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այդ գործերով հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին։