ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայրում (ՁՊՎ) ծեծի է ենթարկվել Ա․ Թամարյանը։ Այս մասին վերջինս զանգով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ՁՊՎ֊ներում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբին։ Հեռախոսազրույցի ընթացքում ձերբակալվածը տեղեկացրել է, որ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո իրեն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, բացի դա, նա նշել է, որ հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Դիտորդական խումբի հաղորդագրության մեջ նշվում է, որ Խմբի անդամները հանդիպել են Ա. Թամարյանի հետ, արձանագրել են նրա մարմնական վնասվածքները և գործի հետ կապված որոշ այլ փաստեր։ Դրանց վերաբերյալ Դիտորդական խումբը հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Խումբը նշում է, որ համապատասխան մեկնաբանություններ ստանալուց հետո հանդես կգա դեպքի մասին լրացուցիչ տեղեկատվությամբ։
Հ․Գ․ Նյութը տեղադրելուց հետո Epress.am֊ին զանգահարել են Դիտորդական խմբից և հայտնել են, որ Թամարյանին ծեծի են ենթարկել ոստիկանական բաժնում, ոչ ՁՊՎ֊ում, ինչը հաղորդագրությունում նշված չէր։