Երևան֊Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի թույլտվություն որևէ մեկը չի տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան։ Նրա խոսքով՝ չվերթները պետք է համաձայնեցված լինեն երկու կողմի միջև, իսկ նման հարց չի քննարկվել։
Նշենք, որ Ղրիմը, որի տարածքում գտնվում է Սիմֆերոպոլը, դե֊ֆակտո Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո է, սակայն Ուկրաինան չի ճանաչում ՌԴ֊ին միանալու մասին այս տարվա մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեն։
Ավելի վաղ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու հայտը, չնայած հայաստանյան որոշ զբոսաշրջային գործակալություններում արդեն իսկ վաճառվում են նոյեմբերի 17-ին նախատեսված չվերթի տոմսեր։
Այն, որ «Գրոզնի ավիան» պատրաստվում է Երևան֊Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ իրականացնել, հայտարարել էր Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը։