հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սյունիքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումն ապօրինի է․ բնապահպաններ

Սյունիքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումն ապօրինի է․ բնապահպաններ

Հայ֊ռուսաստանյան «ԱՏ-Մետալս» ընկերությունը, չունենալով ՀՀ օրենքներով պահանջվող համապատասխան թույլտվությունները, Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում սկսել է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը: Այս մասին գրում է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)։

Բնապահպանները նշում են, որ չնայած բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունները պաշտոնապես հաստատել են այդ անօրինակնության փաստը՝ շինարարությունը շարունակվել է, իսկ իրավապահ մարմիններն էլ աչք են փակել ՀԲՃ֊ի հետագա դիմումների վրա։

«Հիմա էլ այդ նույն օրինախախտ ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրն ու ամեն կերպ փորձում է իրականություն դարձնել այն:

Շատ զարմանալի է բնապահպանության նախարարության իրական պահվածքն այս ամբողջ գործընթացում՝ հատկապես նորանշանակ նախարարի դրական հայտարարությունների համատեքստում: Հերիք չէ բնապահպանության նախարարությունում աչք փակեցին նախորդ ակնհայտ խախտումների վրա, հիմա էլ փորձաքննության գործընթացն անցկացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի խախտումով: Այդ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջների համաձայն, մինչև մասնագիտական լսումներն իրականացնելը ազդակիր համայնքներում պետք է կազմակերպված և անցկացված լինեին թվով 2 հասարակական լսումներ։ Սակայն այս անգամ ևս, ինչպես նախկինում գրանցված բազմաթիվ այլ դեպքերում, անցկացվել էր այդ լսումներից ընդամենը մեկը, ինչը օրենքի կոպիտ խախտում է», ֊ նշված է ՀԲՃ֊ի հայտարարության մեջ։

Բնապահպանները նշում են նաև, որ նախարարության ներկայացուցիչ Արամ Աղասյանը դիմել է մանիպուլացիաների՝ ասելով, թե «Արևիկ» ազգային պարկի սահմանները ճշտված չեն, և ինքը կուզենար, որ Մեղրասարի հանքավայրի տարածքը հետագայում չընդգրկվեր դրա մեջ։

Մինչդեռ, ՀԲՃ֊ն ընդգծում է «Արևիկ» ազգային պարկի կանոնադրության համաձայն՝ Մեղրասարի հանքավայրը գտնվում է ազգային պարկի և նրա պահպանման գոտու տարածքում։

«Փաստացի, մի կողմից KFW գերմանական զարգացման բանկը 8.2 միլիոն եվրո է տրամադրել այդ տարածքում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման համար, մյուս կողմից այդ նույն տարածքներում փորձ է արվում շարունակել ընդերքի շահագործումը»,֊ պնդում են բնապահպանները: