ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում «Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները» հոդվածը տարակուսանք է առաջացնում։ Այս մասին նշված է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից safesoldiers.am կայքում այսօր հրապարակված հոդվածում։
Հոդվածում խոսք է գնում պաշտպանի և ՀՀ ՊՆ միջև ձևավորված հաջող համագործակցության մասին. «Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը:
Անդրադառնալով ՄԻՊ֊ի հաղորդագրությանը՝ «Խաղաղության երկխոսությունը» նշում է, որ Ռազմական ոստիկանության և ՊՆ կարգապահական մեկուսարաններ Հայաստանում չպետք է լինեն։ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ ԶՈւ կարգապահական նախորդ՝ 1996թ. ընդունված կանոնադրությունը 2012թ.-ին վերանայվել է, իսկ դրա անհրաժեշտությունն առաջացել էր, քանի որ կանոնադրությունը հակասում էր ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային նորմերին՝ մասնավորապես հենց կարգապահական մեկուսարանների առկայությունը ենթադրելու պատճառով:
Նոր կարգապահական կանոնադրությամբ հրամանատարների հակասահմանադրական, կամայական որոշումների արդյունքում մեկուսարաններում պատիժը կրելու փոխարեն կարգազանց զինծառայողները տույժերը պետք է կրեն կարգապահական գումարտակում:
«Վերը նշվածը ենթադրում է ՌՈ և ՊՆ մեկուսարանների վերացում, և առնվազն տարօրինակ էր կարդալ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը ՊՆ-ի հետ համագործակցության արդյունքում ձգտում է վերհանել այդ, փաստացի՝ ապօրինի, մեկուսարանների խնդիրները, բարելավել դրանց այս կամ այն կենցաղային պայմանները», ֊ նշված է հոդվածում։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նամակով խնդրել է պարզաբանել, թե ինչի՞ (մասնավորապես՝ ի՞նչ կարգապահական մեկուսարանների) մասին է խոսք գնում հոդվածում:
Պատասխանում Օմբուդսմենը հայտնում էր, որ «… պաշտոնական հայտարարությունը վերաբերում է ձերբակալված և դատարանի դատավճռով կալանքի դատապարտված զինծառայողների պահման վայրերի պայմանների բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին» և մեջբերում 2008թ. ընդունված կառավարության մի որոշում՝ այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ ԶՈւ կարգապահական նոր կանոնադրությունն, ինչպես արդեն նշվեց, ընդունվել է 2012թ.-ին։
Օմբուդսմենին ուղարկված երկրորդ նամակում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը փորձել է ճշտել, թե ինչո՞ւ ՄԻՊ-ն այս հարցում պետք է համագործակցի ՊՆ-ի հետ և անգամ դրական գնահատի
«…Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների իրավական վիճակը բարելավելու առաջարկներին համարժեք արձագանքելու պատրաստակամությունը», եթե դեռևս 2001թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, այլ պարտավորությունների շարքում ստանձնեց նաև բարեփոխումներ կատարել ազատազրկման վայրերում:
Օմբուդսմենի գրասենյակի երկրորդ նամակում նշված է եղել, որ խոսքը եղել է ո՛չ Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի, ինչպես գրված է եղել հոդվածում, ո՛չ էլ ձերբակալված և դատարանի դատավճռով կալանքի դատապարտված զինծառայողների պայման վայրերի մասին, ինչպես ասվել էր առաջին պարզաբանման մեջ, այլ «…հայտարարության հիմքում Պաշտպանի աշխատակազմի կողմից, մասնավորապես, Կանազի հոսպիտալ, «Կարգապահական գումարտակ», ինչպես նաեւ ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորի Վանաձորի բաժնի, Սյունիքի մարզի այցելությունների և մշտադիտարկման ընթացքում վերհանված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների իրականացման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքներն են»։
ՀԿ֊ն ընդգծում է, որ մասնավոր նամակներում Օբուդսմենը և իր աշխատակազմի պատասխանատուները տարբեր բաներ են գրում, տարբեր արդարացումներ փնտրում, հաճախ՝ միմյանց հակասող, ինչպես մատնացույց է արվել հոդվածում․
«Այդ նամակներից հետո էլ այդպես էլ անհասկանալի մնաց.
֊ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՌՈ-ում, ՀՀ ՊՆ ենթակայության տակ ապօրինի գործող մեկուսարաններ կա՞ն, թե՞ չկան,
֊ ՄԻՊ-ը տեղեկություններ ունի՞ դրանց գոյության վերաբերյալ, թե՞ ոչ, դրանք պե՞տք է լինեն, թե՞ ոչ»։
ՀԿ֊ն նշում է, որ ներկա հոդվածը պետք է դիտվի որպես բաց նամակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ