Վրեժ Մարկոսյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության այն 36 պատգամավորներից է, ովքեր այս գումարման երկուսուկես տարիների ընթացքում Ազգային ժողոոմ որևէ հարց չեն բարձրացրել, որևէ նախագծի վերաբերյալ ելույթ չեն ունեցել, քննարկվող որևէ հարցի մասին կարծիք չեն հայտնել, գրում է ParliamentMonitoring.am կայքը՝ ընդգծելով, որ փոխարենը պատգամավորը պարտաճանաչ մասնակցում է նիստերին, գրանցվում և սեղմում քվեարկությունների այն կոճակը, որը նախապես որոշվել է Հանրապետական խմբակցությունում: Մարկոսյանը պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով 14-րդ ընտրատարածքից (ներառում է Արագածոտնի մարզի մի մասը): Մինչ դա, նա «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենն էր, այժմ էլ հրատարակչությունն իր ընտանիքին է պատկանում։
ParliamentMonitօring.am կայքի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու է խուսափում պատգամավորական ակտիվ գործունեությունից՝ Մարկոսյանն ասել է, որ դեռ խոսալու ժամանակը չէ: Հարցազրուցավարի դիտարկմանը, թե խորհրդարանում գործունեության համար նախատեսված ժամկետի կեսն արդեն անցել է, Մարկոսյանը պատասխանել է․ «Ոչինչ, կգա: Դեռ սովորում եմ»:
Հետագա զրույցի ընթացքում էլ Մարկոսյանը հնարավորինս հակիրճ է պատասխանել հարցերին։
– Ի՞նչ եք սովորում:
– Քաղաքականություն:
– Բա՞րդ գործ է:
– Գործ է էլի:
– Ինչ եք կարծում՝ Ձեզ ե՞րբ պատրաստ կզգաք: Միգուցե արդեն մյո՞ւս գումարման ԱԺ-ում:
– Կարող է:
– Բայց գուցե հաջորդ անգամ էլ չընտրվեք:
– Շատ հնարավոր է: Կգա օրը կտեսնենք:
– Ստացվում է, որ այս հնգամյակը Ձեզ համար իզո՞ւր է անցնում:
– Գուցե:
– Լավ, այս երկուսուկես տարիների ընթացքում որևէ հարցի հետ կապված ելույթ կամ հարցադրում անելու ցանկություն չեք ունեցել, որ միայն քվեարկության կոճակ եք սեղմում:
– Չեմ ուզում: Դեռ սպասում եմ:
– Ինչի՞ն եք սպասում:
– Վերջը լավ կլինի:
– Իսկ դուք գո՞հ եք Ձեր պատգամավորական գործունեությունից:
– Ոչ:
– Այդ դեպքում հնարավո՞ր է, որ Ձեր մանդատը վայր դնեք:
– Ոչ, էլի ոչ:
– Միգուցե Ձեր փոխարեն պատգամավոր դառնա մեկը, ով ավելի ակտիվ գործունեություն կվարի:
– Ոչ:
– Բայց ի՞նչ պետք է տեղի ունենա, ի՞նչ պետք է փոխվի, որ Դուք պատրաստ լինեք ու զգաք, որ Ձեր ժամանակը եկել է:
– Երբ որ տրամադրությունս փոխվի:
– Այսինքն այս երկուսուկես տարիներին Դուք անտրամադի՞ր եք խորհրդարան գալիս:
– Այո: