Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների պահանջները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, իրենց որդիների գործերի արդար քննություն, չեն կատարվում, ուստի նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի։ Այս մասին ծնողները հայտարարել են այսօր նախագահականի մոտ անցկացված հերթական ակցիայի ժամանակ։ Ծնողները հրաժարվել են ասել, թե կոնկրետ ինչ քայլերի են դիմելու։
Ակցիայի մեկնարկից քիչ անց ոստիկաններն ասել են ծնողներին, որ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը զգուշացրել է, թե նախագահականի աշխատակիցներից մեկը կմոտենա բողոքողներին։ 15 րոպե սպասելուց հետո տեսնելով, որ իրենց ոչ ոք չի մոտենում՝ ծնողները դուրս են եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս՝ փակելով մեքենաների ճանապարհը: Ոստիկանները քաշքշելով փորձել են նրանց հետ բերել մայթ, բայց դիմադրության են հանդիպել։ Քաշքշուկի ժամանակ Գոհար Սարգսյանը (2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը) և Հերիքնազ Մուրադյանը (2013 թվականին զոհված Արմեն Մուրադյանի մայրը) իրենց վատ են զգացել և նրանց համար շտապ օգնություն է կանչվել:
Զոհվածների ծնողները երկրորդ և երրորդ անգամ էլ են փորձել փակել փողոցը, սակայն ոստիկանները նրանց կրկին վերադարձնում էին մայթ։
Նախագահական նստավայրի մոտ է եկել նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ասել է, որ մտադիր է սպանված զինվորների գործերի բացահայտման հարցը բարձրացնել ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում՝ գործերից գոնե մի քանիսը քննելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով:
Մինչ 13։30-ը ծնողները նախագահական նստավայրից որևէ պատասխան այդպես էլ չեն ստացել: Նախագահական նստավայրից դուրս են եկել ռազմական համազգեստով 3 մարդիկ և իրենց մոտ կանչել ոստիկաններից մեկին: Նրա հետ զրուցելուց հետո համազգեստավոր մարդիկ մտել են նախագահական: Այս պահին ակցիան շարունակվում է, մայրերը նստած են նախագահականի դարպասների դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում