Այսօր ժամը 11։00-ից ՀՀ նախագահի նստավայրի մոտ բանակում խաղաղ պայմաններում զոհված 4 զինծառայողների մայրերն իրենց հերթական ակցիան են անցկացրել։ Մայրերն ամիսներ շարունակ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։
Այս տարվա հունվարի 28-ին ՊՆ ներկայացուցիչ Վարդան Ավետիսյանը խոստացել էր զեկուցել նրանց ցանկության մասին նախագահական, սակայն մայրերը մինչ օրս պատասխան չեն ստացել և այսօր եկել էին նաև տեղեկանալու իրենց դիմումի ճակատագիրը։
Նախագահականի դարպասների մոտ հավաքված ոստիկանները պարբերաբար հորդորում էին մայրերին հեռանալ, ակցիան անցկացնել այլ վայրում կամ հանդիպել նամակների բաժնի ներկայացուցիչների հետ, ինչին ի պատասխան 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհնաջանյանի մայրն ասել է․ «Չենք գնում, հենց ստեղ էլ չորսիս գնդակահարեք»։
Ոստիկանները թույլ չեն տվել մայրերին միանալ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով ոստիկանների դիմաց կանգնել է «Սերժիկ, սրիկա, Սերժիկ, մարդասպան» պաստառով։ Քիչ անց ոստիկանները Գասպարիին ոտքերից և ձեռքերից վերցրած իջեցրել են Բաղրամյան պողոտայով և պառկած վիճակում թողել նախագահական նստավայրի դարպասներից մոտ 30 մետր ներքև։
Մայրերը մինչ այս պահը շարունակում են ակցիան։