«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արմեն Շամիրյանը հասարակական դիտորդներին պաշտոնապես հայտնել է այն մասին, որ «Հրազդան» ՔԿՀ-ում ռեժիմային գծով պետի տեղակալ Սամվել Բաբայանը չի վերադարձրել բջջային հեռախոսների վաճառքից ստացված գումարները, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Epress.am֊ը խնդրին անդրադարձել էր սեպտեմբերի 12-ին, և այն ժամանակ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ պաշտոնյային զրպարտում են։
Ինչպես նշվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ, բջջային հեռախոսները գնվել են Շամիրյանի հարազատների, ընկերների, բարեկամների միջոցով և մուտք են արվել Սամվել Բաբայանի աջակցությամբ, վաճառվել են «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորված և դատապարտված անձանց, իսկ վաճառքից առաջացած ողջ գումարը փոխանցվել է Բաբայանին, ով, ըստ Շամիրյանի հետ պայմանավորվածության, պետք է գումարի 50%-ը վերադարձներ դատապարտյալին։ Համաձայն դատապարտյալի, հենց այդ պայմանվորվածությունը խախտվել էր Բաբայանի կողմից: Ավելին, Շամիրյանը տեղափոխվել է «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի պահանջներ չներկայացնի «Հրազդան» ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալին։ Այնուամենայնիվ, Շամիրյանը դիմել է ԱԱԾ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդգծում է, որ խոսքը գնում է մոտ 5 մլն դրամի իրացման ծավալի մասին:
«2014 թ. նոյեմբերի 3-ին կամ 4-ին, երեկոյան 19:00-20:00-ի սահմաններում, ըստ Շամիրյանի հայտնած տեղեկատվության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպեր գծով աշխատակից Եգոր Հակոբյանը նրան հրավիրել է իր աշխատասենյակ և սպառնացել, որպեսզի չբողոքի և դիմումը հետ վերցնի: Սպառնալիքներ տեղացել են նաև Շամիրյանի ընտանիքի անդամների հասցեին: Շամիրյանը սպառնալիքների ազդեցությամբ հայտնել է դիմումը հետ վերցնելու մասին: Սակայն, 2014 թ. նոյմբերի 6-ին վերստին դիմում է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով և՛ հանցագործության, և՛ սպառնալիքների մասին:
2014 թ. նոյմեբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պաշտոնատար անձանց կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ: Հուսով ենք՝ ՀՀ գլխավոր դատախազը այս անգամ դիմումը չի վերահասցեագրի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ ՔԿՀ-ում կոռուպցիոն հանցագործության մասին հայտնում է հենց ինքը դատապարտյալը, որը ներգրավված էր և որպես կոռուպցիան հանցագործության գործիք է օգտագործվել ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալի կողմից: Սա այն դեպքն է, որ ՀՀ ԱԱԾ-ն փոխանակ անմիջապես զբաղվեր հանցագործության մասին հաղորդման տեղեկությունների հիման վրա օրենքով սահմանաված գործողություններով, ապահովեր կոռուպցիոն հանցագործության մասին հայտնած անձի անվտանգությունը, և գործողություններ ձեռնարկեր հանցագործության բացահայտման ուղղությամբ, ըստ էության, կոծկել է հանցագործությունը», ֊ հաղորդագրության մեջ նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ պետական մարմիններին ըստ ներկայացված տեղեկությունների իրազեկում է հանցագործության մասին՝ պահանջելով ապահովել Շամիրյանի անվտանգությունը:
«Միաժամանակ, եթե որևէ «դժբախտ» պատահար կամ դեպք պատահի Շամիրյանի կամ նրա ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, դա կարող ենք դիտել, որպես կոռուպցիոն հանցործությունը թաքցնելուն ուղղված պետական հովանավորչություն», ֊ նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: