ՀՀ դատախազությունը համաձայն չէ Հատուկ քննչական ծառայության որոշման հետ, համաձայն որի կարճվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանի և Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։
Քննիչները մեղադրվում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս քննիչներին որպես մեղադրյալ ներգրավել։ Հենց այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը վերացրել է գործը կարճելու մասին ՀՔԾ֊ի որոշումը։ Մկրտչյանը և Մանուկյանը գործում որպես մեղադրյալ կներգրավվեն ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին։
Դատախազության հաղորդագրության մեջ Մկրտչյանին և Մանուկյանին առնչվող դեպքի մանրամասները ներկայացված չեն։