Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը (լուսանկարում) և միջազգային կապերի վարչության պետ Վաղինակ Գալստյանը Ադրբեջան կմեկնեն՝ մասնակցելու նոյեմբերի 21–22-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43–րդ նստաշրջանին։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը գալիք տարի Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, կուսումնասիրեն նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Հայաստանյան կողմը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք հայաստանցի մարզիկները մասնակցելու են Եվրոպայի օլիմպիական խաղերին։ Նախկինում մի քանի դեպք է եղել, երբ հայաստանցի մարզիկները մասնակցել են Ադրբեջանում անցկացված մրցաշարերին, իսկ ադրբեջանցի մարզիկներն այցելել են Երևան։