Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է ազգային հավաքականի շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդի աշխատանքից և Պորտուգալիայի դեմ խաղում ընտրած մարտավարությունից, բայց կարծում է, որ մարզչին պետք է շանս տալ։
Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում կայացած ասուլիսի ժամանակ Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ընտրանին Եվրո 2016֊ի ուղեգիր նվաճելու շանսեր դեռ ունի, սակայն եթե շարունակի նույն կերպ խաղալ, ապա կձախողվի, քանի որ թիմը «մտածում է նրա մասին, որ մեզ գոլ չխփեն»։
Ամեն դեպքում, Հայրապետյանը հայտարարել է, որ Բեռնար Շալանդը փորձառու մարզիչ է և ունակ է քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Պատասխանելով Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ՀՖՖ նախագահը հիշեցրել է, որ Մինասյանը պայմանագիր ունի և աշխատում է (Ղազախստանի «Տոբոլ» թիմում ֊ խմբ․)։
«Արտասահմանցի մարզիչ էիք ուզում, ես էլ բերեցի։ Համոզված չեմ, որ Շալանդի փոխարեն մեկը գա, ավելի լավ կլինի», ֊ ասել է Հայրապետյանը։
Նա հավելել է, որ դեռ չի զրուցել հավաքականի մարզչի հետ, բայց եթե վերջինս զրույցի ժամանակ չընդունի իր ասածները, ապա ինքը կկայացնի իր որոշումը։