ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործի դատաքննությունը ձգձգվում է։ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը պահանջում են անօրեն ճանաչել Մովսիսյանի մահվան վերաբերյալ հարուցված գործը կարճելու մասին ՀՔԾ֊ի որոշումը և Մովսիսյանի մորը՝ Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ, ինչը մինչ օրս չի արվում։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր բողոքը, այժմ այն քննվում է Վերաքննիչ դատարանում։
Ինչպես հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, երեկ կայացած դատական նիստին կրկին չէին ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանը և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Ա. Բաբայանը։ Վերջինս գրությամբ դատարանին հայտնել էր, որ առարկում է վերաքննիչ բողոքի դեմ, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, ուստի խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի: Բացի դա, Ա. Բաբայանը դատարան էր ներկայացրել կարճված քրեական գործի այն նյութերը, որոնք արդեն իսկ ներկայացվել էին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ կարճված քրեական գործի բոլոր նյութերը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստանալու նպատակով: Երեկվա նիստին պարզվեց, որ այդ նյութերը դարձյալ չեն ուղարկվել դատարան, և դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտնել է, որ կրկին դիմել է ՀՔԾ ամբողջական նյութերը ստանալու խնդրանքով, այդ պատճառով էլ նա որոշում է կայացրել հետաձգել նիստը։
Դեռևս նախորդ նիստից հետո Արայիկ Զալյանը նշել էր, որ կարճված գործի բոլոր նյութերն ունենալը կարևոր է, քանի որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են պաշտոնատար անձինք։ Նա ընդգծել էր, որ Երևանի Կենտրոն և Նորք֊Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճիռը կայացրել էր առանց գործի ամբողջական նյութերն ունենալու, ինչը օրենքի խախտում է։ Զալյանն իր Վերաքննիչ բողոքում մի շարք այլ խախտումներ է մատնանշում։ Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Մովսիսյանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով (նստավայրը՝ Ստեփանակերտ) մեղավոր էր ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար (ծառայությունն անցնում էր Լեռնային Ղարաբաղում֊խմբ․) և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Բողոքում փաստաբանը նշում է, որ Մովսիսյանը պաշտոնապես ձերբակալվել և դատապարտվել է ՀՀ իրավապահ և դատական իշխանությունների կողմից, սակայն պահվել է ԼՂՀ քննչական մեկուսարանում (Շուշի ՔԿՀ)։
«Ոչ դատաքննության և ոչ էլ նախաքննության արդյունքում կայացված որոշումները չեն պարունակում այնպիսի տեղեկություն, թե պետությունների միջև ինչ պարտավորություններ են առկա ՀՀ դատարանների կողմից դատապարտված ՀՀ քաղաքացիներին ԼՂՀ ՔԿՀ֊ներում պահելու վերաբերյալ, սակայն կարող ենք արձանագրել այն հանգամանքը, որ եթե առողջ անձը ՀՀ ոստիկանության կողմից արգելանքի է վերցվել և հետագայում մահացել, ապա պետությունը (Հայաստանի Հանրապետությունը) պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն», ֊ մասնավորաբար, ասված է վերաքննիչ բողոքում։
Համաձայն պաշտոնական վարկածի, Մովսիսյանը «Շուշի» ՔԿՀ֊ի խցում ինքնասպանություն էր գործել։ Երիտասարդի մայրը հայտարարել էր, որ ինքնասպանության վարկածին չի հավատում։
Տուժողի մոր ներկայացուցիչներն ընդգծում են նաև, որ նախաքննության և դատական մարմինների կողմից չեն ձեռնարկվել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Մասնավորապես, չի պարզվել, օրինակա՞ն էր արդյոք Հայկ Մովսիսյանին Լեռնային Ղարաբաղ ծառայելու ուղարկած լիազոր մարմնի որոշումը, արդյո՞ք հնարավոր էր, որ Հայկ Մովսիսյանը 6-7 րոպեների ընթացքում սավանի միջոցով կախվեր խցի պատուհանի փակելու ամրակից, որը կառաջացներ նրա մահը, ի՞նչ բժշկական միջամտության արդյունքում Մովսիսյանը կարող էր կենդանի մնալ։
Նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը կապված է եղել Մովսիսյանի գործում առկա անճշտությունների հետ: