Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռևս երկու տարի առաջ իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս գազ չունեն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Գազիֆիկացման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում միջազգային վարկային միջոցների հաշվին: Որքան գումար է ծախսվել չի հրապարակվում, սակայն, օրաթերթի տեղեկություններով, ծախսված գումարը կազմում է մեկ միլիարդ դրամ։
Թերթն ընդգծում է, որ գազը չմիացնելու պատճառը թղթաբանության հետ կապված խնդիրներն են։
«Հարթավան գյուղում 2012 թվականին գազաֆիկացման աշխատանքներ սկսվեցին, բայց հետո՝ 2013-ին, լրացուցիչ աշխատանքներ իրականացվեցին։ Բայց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ «Գազպրոմ Արմենիան» ընկերությունը գումար չի հատկացնի, որպեսզի գնի գազատարն ու այն միացնի իր հաշվեկշռին։ Այս դեպքում Կառավարությունն անվճար պետք է այն հատկացնի ընկերությանը։ Դրա համար էլ պետք է համապատասխան որոշման մեջ կատարվեն փոփոխություններ», – թերթի հետ զրույցում իրավիճակը նկարագրել է Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը։
Նախկինում խնդիրն ավելի հեշտ լուծելի էր, քանի որ ՀՀ կառավարությանն էր պատկանում «Հայռուսգազարդի» բաժնետոսմերի 20 տոկոսը, սակայն 2013 թվականին դրանք հանձնվեցին ռուսաստանյան «Գազպրոմին», և այժմ խնդիրը բարդացել է, գրում է «Ժողովուրդը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում