Ադրբեջանցի լրագրող Խանում Ջավադովան bbc.com-ում Հարավային Կովկասում կանանց ազատություններին նվիրված հոդված է հեղինակել, որը ներկայացնում ենք թարգմանաբար։
Հարավային Կովկասի գիշերային ակումբներում իրենց ազատությունը գտնող կանայք
֊ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի կանանց համար երեկույթներ կամ գիշերային ակումբներ հաճախելը ոչ միայն ընկերների հետ ժամանակ անցկացնելու առիթ է, այլև հնարավորություն՝ ընդգծելու սոցիալական ազատությունները, որ նրանք այսօր ունեն։
Թեև Հարավային Կովկասի այս երեք երկրներում մարդիկ ներկայումս ավելի մեծ թվով սոցիալական ազատություններ են վայելում, քան երբևէ, սակայն կա տարբերություն կանանց ու տղամարդկանց հանդեպ վերաբերմունքի միջև։ Բազմաթիվ կանայք, չնայած չափահաս լինելու փաստին, մտածում են՝ հասարակությունն իրենց «վատ աչքով կնայի», եթե իրենք ուշ երեկոյան դուրս գան տանից։
Որպես ադրբեջանցի կին՝ ես մեծացել եմ՝ տեսնելով, թե ինչպես են իմ շրջապատի կանայք նախընտրում երեկոյան ժամերին մնալ տանը։ Այսօր, սակայն, ինձ հայտնի են մեծ թվով կանայք, ովքեր կոտրում են այս կարծրատիպերն ու երեկոյան գնում ոչ միայն պարելու ակումբներում, այլև՝ զբոսնելու կամ պարզապես վայելելու գիշերային քաղաքի գեղեցկությունը։
Տարածաշրջանում աշխատող կանանց թվի աճին զուգընթաց աճում է նաև գումար ծախսելու նրանց հնարավորությունը, ու այդ գումարը հետաքրքիր վայրերում ծախսելու ցանկությունը։ Համաշխարհային բանկի համաձայն՝ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում աշխատող կանանց թիվը 2006 և 2011 թվականների համեմատությամբ մի փոքր աճել է․ Հայաստան՝ 44.4% 2011-֊ին, 36.8%՝ 2006֊ին, Ադրբեջան՝ 57.5% 2011֊ին, 56.9%՝ 2006֊ին, Վրաստան՝ 49.5%՝ 2012֊ին, 48.1%՝ 2007֊ին։
Որոշ կանայք, սակայն, այս նոր ապրելակերպն ամբողջովին չեն կարողանում ընդունել՝ «փչացածի» համբավ ձեռք բերելու և ընտանիքի ու հարևանների կողմից մերժվելու վախից։ Նրանք լուսանկարներ են տեղադրում սոցիալական կայքերում, սակայն քայլեր ձեռնարկում՝ անանուն մնալու համար։ Ոմանք էլ, ի տարբերություն, ցանկանում են՝ ամբողջ աշխարհն իմանա, թե իրենք ինչ լավ ժամանակ են անցկացնում։
Ադրինե Գրիգորյան, 38 տարեկան, լուսանկարիչ, Երևան, Հայաստան
«Գիշերային ժամերին դուրս գնում եմ։ Երբ քաղաքում բոլորը քնում են, մի նոր բազմություն է գրավում Երևանը, և գիշերային կյանքը մեկնարկում է։ Մինչ օրս որևէ քննադատության չեմ բախվել, ավելին, ես ինձ զգում են որոշակի մշակույթի մի մաս։
Տարեցտարի երեկոյան ժամերին տարբեր վայրեր հաճախող կանանց թվի մեջ աճ է նկատվում։ Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ երիտասարդ կանայք ֆինանսական անկախություն են ձեռք բերում ու իրենց ընտրությունները կատարում՝ անկախ հասարակության կարծիքից։ Բացի դա, կա երիտասարդ կանանց սերունդ, որը չի ընդունում «փչացածի» համբավ ձեռք բերելու հնացած կարծրատիպը։
Կանայք, ովքեր վախենում են հասարակության, իրենց հարևանների կարծիքից, իրենց անձնական կյանքը գաղտնի են պահում»։
Աստղիկ Պապիկյան, 24, բնապահպան, Երևան, Հայաստան
«Կարող եմ ինձ համար վստահելի մարդկանց հետ գնալ ակումբ կամ զբոսանքի, բայց անհանգստանում են, որ դա կարող են սխալ հասկանալ։ Կան մարդիկ, ովքեր ասում են՝ «եթե ուշ է, ուրեմն վատ է»՝ առանց ստուգելու՝ որտեղ ես կամ ում հետ։ Ցանկացած համեստ, խոնարհ հայ աղջիկ պետք է, իհարկե, հաշվի առնի հասարակության կարծիքը։ Այսօր, սակայն, նման կարծրատիպերը վերանում են․ կարող ես դրսում մնալ մինչև ժամը 23։00֊ն։
Փորձում եմ տանը լինել 22։30֊ին։ Ծնողներիս դուր չի գալիս, երբ ուշ եմ վերադառնում, ինչպես նաև գիտեմ, որ հարևանները կբամբասեն։ Սա կարող է հետագայում բացասաբար ազդել ապագայիս ու հեղինակությանս վրա։ Ես գիտեմ՝ որևէ վատ բան չեմ անում, բայց պետք է հարմարվեմ հանգամանքներին։
Երբեմն ընկերներիս հետ գնում եմ կարաոկե ակումբ։ Հայաստանում կան մեծ թվով դիսկոտեկներ, որոնք հասարակության կողմից հեշտությամբ չեն ընդունվել։ Մարդիկ ասում են՝ «նորմալ» աղջիկը նման ակումբներ չի գնում։ Իրավիճակն էլ ավելի վատ է Երևանից դուրս։ Օրինակ, երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, գիշերային ժամերին զվարճանքի կենտրոնները փակ են, քանի որ ոչ ոք դրանք չի այցելում։
Կարաոկեն, սակայն, մի փոքր ընդունելի է․ կարող ես պարել, երգել, զվարճանալ, ու մարդիկ քեզ անուններ չեն կպցնի։
Իրավիճակը կարող է փոխվել, բայց դա հեշտ չի լինի ու կարող է պահանջել առնվազն 50 տարի»։
Խայալա Խալիլի, 26, բժիշկ, Գյանջա, Ադրբեջան
«Ունեմ մագիստրոսի աստիճան ու աշխատում եմ մայրաքաղաք Բաքվի հիվանդանոցներից մեկում։
Չեմ կարծում, որ տղամարդիկ կամ կանայք պետք է գիշերային կյանք ունենան։ Դա զվարճանքի առողջ ձև չէ, ու գիշերները քնելը շատ կարևոր է։ Բացի դա, ակումբներում ալկոհոլ են խմում։ Իմ կարծիքով, ալկոհոլ օգտագործող մարդիկ խոհեմ չեն։
Անձամբ ինձ համար կնոջ ազատությունը գիշերները դուրս գնալով չէ պայմանավորված։ Կինը պետք է մտածի միայն կրթվելու, ֆինանսական անկախություն ձեռք բերելու մասին և սեփական կարծիքն արտահայտելու ինքնավստահություն ունենա։ Գիշերային ակումբներ չեմ այցելում ու երբևէ չեմ այցելել։
Ընտանիքիս կողմից որևէ սահմանափակումների երբեք չեմ ենթարկվել, ինքս ակումբներ գնալու ցանկություն չեմ ունեցել։ Եթե ցանկանայի, կգնայի։ Աշխատանքից հետո սպորտով եմ զբաղվում կամ հանդիպում ընկերներիս, այցելում բարեկամներիս։ Եթե ընկերներիս հետ դուրս եմ գնում, մենք նախ գնում են սրճարան՝ ճաշելու, հետո զբոսնում ենք քաղաքում։
Արձակուրդներս արտերկրում եմ անցկացնում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում։ Այս երկրներում նույնպես ակումբներ չեմ այցելում։ Ինձ հետքրքրում է երկրների մշակույթը, պատմությունը, հետևաբար, գնում եմ թանգարաններ ու գրադարաններ»։
Գյուլարա Ազիզադե, 27, գովազդի մասնագետ, Բաքու, Ադրբեջան
«Ուշ երեկոյան թե համերգներ եմ գնում, թե ակումբներ։ Կարծում եմ՝ կինը պետք է ժամանակ ունենա զվարճանալու, լիցքաթափվելու համար, որպեսզի ազատվի շաբաթվա բացասական էներգիայից ու ագրեսիայից, ինչպես նաև՝ հանդիպի նոր մարդկանց։
Ինչո՞ւ պետք է կինը մնա տանը, իսկ տղամարդը գնա թեյատներ, ակումբներ, և այլն։ Զվարճանալու իրավունք միայն տղամարդիկ ունե՞ն։ Եթե այդպես է, թող Ադրբեջանն անվանափոխեն «Ադրբեջանի տղամարդկանց հանրապետության»։
Մարդիկ, ովքեր կարծում են՝ կինը պետք է տանը նստի, ազդվել են իրենց ընտանիքներից։ Որոշ կանայք, սակայն, չեն կարող գնալ տարբեր վայրեր փողի, անվտանգության բացակայության պատճառով, կամ էլ ուզում են «լավ աղջիկ» լինել, որպեսզի հետագայում կարողանան ամուսին գտնել։
Ընտանիքս ժամանակին նման կերպ էր մտածում, բայց ես նրանց կարծիքը փոխել եմ։ Եթե սիրում ես կյանքը, պետք է փորձես ընդդիմանալ այս սահմանափակումներին։
Ես վաղուց արդեն 18 տարեկան չեմ»։
Նուցի Օդիշարիա, 37, ծրագրի ղեկավար, Թբիլիսի, Վրաստան
«Հարազատներիս ու ընկերներիս հանդիպում եմ ուրբաթ՝ աշխատանքից հետո, ինչպես նաև՝ շաբաթ օրը։ Նախ գնում ենք ռեստորաններ, հետո՝ ակումբներ։ Ամեն շաբաթ չենք հանդիպում, բայց, հիմնականում, այսպես ենք անցկացնում մեր հանգստյան օրերը։
Ես երիտասարդ դուստր ունեմ․ նա մնում է իր տատիկի հետ, երբ ես գնում են անձնական ժամանակս մի փոքր վայելելու։
Ավագ սերնդի կամ հավատացյալ մարդկանց կողմից քննադատության չեմ ենթարկվում։ Բայց դա միշտ չի այդպես եղել։ 1990֊ականների գիշերային ակումբներ չկային․ կար պատերազմ ու աղքատություն։ 90֊ականների վերջին, սակայն, բացվեցին ջազ ակումբներ, որտեղ դիսկոտեկներ ու երեկույթներ էինք կազմակերպում։ Հիմնականում, վրացիները սիրում են ուտել, պարել ու զվարճանալ։
Նաթիա Թոփչիձե, 29, գովազդային գործակալ, Բաթումի, Վրաստան
«Ազատ ժամանակս ընկերներիս հետ եմ անցկացնում, չեմ սիրում տանը մնալ։ Ծնողներիս կողմից միակ սահմանափակումն այն է, որ պետք է տանը լինեմ մինչև կեսգիշեր։ Նաև ցանկանում են իմանալ՝ ում հետ եմ և որտեղ։ Կարծում եմ՝ սա արտաքին կարծիքի հետևանք է, քանի որ ամուսնալուծված եմ և ունեմ երեխա։
Ընտանիքիս հետ որևէ կոնֆլիկտ չեմ ուզում, քանի որ նրանց հետ եմ ապրում։ Գտնում եմ, սակայն, որ ցանկացած մարդ պետք է զվարճանքի վայրեր հաճախի։ Մայրս շատ ժամանակակից է։ Օրինակ, ես ունեմ դաջվածք, որը նրան շատ է դուր գալիս։ Նրա բնույթը, սակայն, տարբեր է, նա չի սիրում զվարճանալ, նախընտրում է տանը մնալ։
Ունեմ բազմաթիվ ընկերներ, ու հաճախ եմ մասնակցում ծննդյան երեկույթների։ Գնում ենք ակումբներ, եթե կա որևէ հետքրքիր միջոցառում։ Եթե ծննդյան երեկույթ է, ամեն ինչ՝ խմելը, պարելն ու զվարճանալը, չափի մեջ ենք անում։ Երբեմն ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի են ունենում շատ ուշ ժամերի։ Որոշ միջոցառումներ սկսում են 23։00֊ին, բայց ես չեմ կարող մնալ ու ստիպված եմ գնալ տուն։ Իհարկե, եթե կարողանայի, կմնայի ևս երկու ժամ»։