Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու և վատնելու մեջ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է գիշերօթիկում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Մարգարյանը պետական բյուջեից գիշերօթիկին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է 46 միլիոն 535 հազար 970 դրամ (մոտ 111 հազար դոլար):
Բացի դա, Մարգարյանը հաշվարկել է իր հաստատությունում փաստացի չաշխատող 4 աշխատակցի ու նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է գիշերօթիկում աշխատող նրանց հարազատներին և գիշերօթիկի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ վատնելով 7 միլիոն 747 հազար 358 դրամ:
Մարգարյանը երեկ կալանավորվել է։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների մասին։
Epress.am Լուրեր Հայաստանից