Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Գրասենյակի աշխատակիցների կողմից բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախորդ այցելությունների ընթացքում օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին:
Նշված խնդիրների մասին տեղեկացվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը, հաղորդագրության հեղինակների համաձայն, նույնիսկ իրազեկվելուց հետո միակողմանի և ոչ լիարժեք է իրականացրել խնդրի ուսումնասիրությունը:
«Այսինքն՝ բացատրագրեր են վերցվել միայն այն աշխատակիցներից, ում գործողությունները եղել են խնդրահարույց և ընդհանրապես չեն լսել հաստատությունում սովորող երեխաների կարծիքը: Ուսումնասիրության ձևաչափի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Օմբուդսմենի տեղակալ Գենյա Պետրոսյանն անմիջապես կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի հետ: Ցավոք, փոխնախարարի արձագանքը ևս պատշաճ չի եղել:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պահանջում է հրատապ միջոցներ ձեռնարկել Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում արձանագրված խախտումների վերաբերյալ լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, նման դեպքերը բացառելու և թերացում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ գիշերօթիկի հարցով մի շարք կազմակերպություններ և անհատներ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին։