Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացել է հերթական քառօրյան՝ շնորհակալություն հայտնելով Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատներին Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև Սահակյանը թվարկել է, թե որ օրինագծերն են քվեարկվելու գալիք նիստերի ընթացքում: ԱԺ նախագահն ընդգծել է, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել:
Փոստանջյանը հարցրել է՝ երբ պետք է Հայաստանը ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը:
«Ե՞րբ եք դուք, ձեր կուսակցությունը (ՀՀԿ֊ն) դատապարտելու այլ փոքրամասնությունների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում ևս»,- ասել է Փոստանջյանը:
Ի պատասխան՝ Սահակյանն ասել է, որ անձամբ ինքը դատապարտում է այլ ազգերի ցեղասպանությունը: «Երբ ես ասում եմ հայերի ցեղասպանություն, մյուս փոքրամասնությունները ևս դրա մեջ շրջանառվում են»,- ասել է նա:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կարծիք է հայտնել, որ օրինագծում կան փաստագրական սխալներ, և դրանք կարող են ծիծաղելի վիճակում դնել ՀՀ ԱԺ-ն, ուստի նախագիծը պետք է վերանայվի:
ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովն էլ ասել է, որ ինքը տեքստ է պատրաստում, որով այլ ազգերի ցեղասպանությունները ևս դատապարտվելու են: Նա խնդրել է Փոստանջյանին հետ վերցնել օրինագիծը, քանի որ «սիրուն չի լինի, եթե ԱԺ-ն դեմ քվեարկի» և պետք է «նոր, ավելի լավ օրինագիծ պատրաստել»:
Փոստանջյանը քննարկումների արդյունքում հանել է նախագիծը՝ նշելով, որ եթե պատգամավորները կողմ են իր առաջարկին, բայց հավանություն չեն տալիս նախագծի տեքստին, ապա ինքը սպասում է նրանց առաջարկներին։