Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված ավելի քան 60 երեխաներից 20-ն արդեն դուրս են գրվել տարբեր հիվանդանոցներից։ Այս պահին Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվում է 24 երեխա և 2 մեծահասակ (մանկապարտեզի դայակը և դաստիարակը), որոնց վիճակը մասնագետները գնահատում են բավարար, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, առողջական դրական տեղաշարժեր կան նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ։
Բացի դա, ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։ Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։
Առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ Եղվարդի մանկապարտեզի լոկալ բռնկումը տարածում չի ունեցել, ինչպես նաև ծանր դեպքեր չեն արձանագրվել։
Համաձայն նախնական տվյալների, երեխաների թունավորման պատճառը սնունդն է եղել։ ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը։