Դեկտեմբերի 1-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ուժի մեջ թողնել ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։ Մահացած երիտասարդի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, իր ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի միջոցով պահանջում էր անօրեն ճանաչել Մովսիսյանի մահվան վերաբերյալ հարուցված գործը կարճելու մասին ՀՔԾ-ի որոշումը և իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, սակայն նրա պահանջը մերժվել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից։
Վերաքննիչ դատարանն անընդհատ ձգձգում էր բողոքի քննությունը, քանի որ պատասխանող կողմը՝ դատախազությունը, հրաժարվում էր տրամադրել գործը կարճելու հիմք հանդիսացած ապացույցները:
Դեռևս առաջին ատյանի դատարանում հայցվոր կողմը քննիչից պահանջել էր ներկայացնել գործի բոլոր նյութերը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննիչին չէր պարտավորեցրել դա անել, վճիռ էր կայացրել առանց գործի ամբողջական նյութերին ծանոթանալու։ Վերաքննիչ դատարանը, ի դեմս նախագահող Մանուշակ Պետրոսյանի, չի համաձայնել առաջին ատյանի դատարանի որոշման հետ և պահանջել է ներկայացնել գործի հետ առնչվող բոլոր փաստաթղթերը, սակայն պահանջված նյութերը դատարանին այդպես էլ չեն տրամադրվել։
Ինչպես նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, երեկվա նիստին դատախազությունը դատարանին գրություն էր ուղարկել, որում նշված էր, թե բողոքի քննության համար անհրաժեշտ նյութերն արդեն առկա են գործում: Դատարանն էլ, իր հերթին, հայտարարել էր, որ դատաքննությունը համարում է ավարտված և անցել է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար միջնորդությունների քննարկամն փուլին:
Զոհվածի մոր ներկայացուցիչ Արայիկ Զալյանը միջնորդել է կրկին միջոցներ ձեռնարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կարճված քրեական գործի նյութերը ստանալու ուղղությամբ: Դատարանը, սակայն, հայտարարել է, որ արդեն իսկ ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհրաժեշտ միջոցները հիշյալ նյութերն ստանալու համար: Բացի դա, դատավորը նշել է, որ առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը բավարար են խորհրդակցական սենյակ անցնելու և որոշում կայացնելու համար: Զալյանը մեկ անգամ ևս պնդել է ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ հակառակ դեպքում կխախտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, քանզի հիշյալ դրույթը վարույթն իրականացնող մարմնին պարտադրում է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութերը: Ինչևէ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և հրապարակել միջնորդությունը մերժելու մասին որոշումը։
Դեռևս նախորդ նիստերին Արայիկ Զալյանը նշել էր, որ կարճված գործի բոլոր նյութերն ունենալը կարևոր է, քանի որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են պաշտոնատար անձինք։ Զալյանն իր Վերաքննիչ բողոքում մի շարք այլ խախտումներ է մատնանշում։ Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Մովսիսյանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով (նստավայրը՝ Ստեփանակերտ) մեղավոր էր ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար (ծառայությունն անցնում էր Լեռնային Ղարաբաղում֊խմբ․) և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Բողոքում փաստաբանը նշում է, որ Մովսիսյանը պաշտոնապես ձերբակալվել և դատապարտվել է ՀՀ իրավապահ և դատական իշխանությունների կողմից, սակայն պահվել է ԼՂՀ քննչական մեկուսարանում (Շուշի ՔԿՀ)։
«Ոչ դատաքննության և ոչ էլ նախաքննության արդյունքում կայացված որոշումները չեն պարունակում այնպիսի տեղեկություն, թե պետությունների միջև ինչ պարտավորություններ են առկա ՀՀ դատարանների կողմից դատապարտված ՀՀ քաղաքացիներին ԼՂՀ ՔԿՀ֊ներում պահելու վերաբերյալ, սակայն կարող ենք արձանագրել այն հանգամանքը, որ եթե առողջ անձը ՀՀ ոստիկանության կողմից արգելանքի է վերցվել և հետագայում մահացել, ապա պետությունը (Հայաստանի Հանրապետությունը) պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն», ֊ մասնավորաբար, ասված է վերաքննիչ բողոքում։
Համաձայն պաշտոնական վարկածի, Մովսիսյանը «Շուշի» ՔԿՀ֊ի խցում ինքնասպանություն էր գործել։ Երիտասարդի մայրը հայտարարել էր, որ ինքնասպանության վարկածին չի հավատում։
Տուժողի մոր ներկայացուցիչներն ընդգծում են նաև, որ նախաքննության և դատական մարմինների կողմից չեն ձեռնարկվել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Մասնավորապես, չի պարզվել, օրինակա՞ն էր արդյոք Հայկ Մովսիսյանին Լեռնային Ղարաբաղ ծառայելու ուղարկած լիազոր մարմնի որոշումը, արդյո՞ք հնարավոր էր, որ Հայկ Մովսիսյանը 6-7 րոպեների ընթացքում սավանի միջոցով կախվեր խցի պատուհանի փակելու ամրակից, որը կառաջացներ նրա մահը, ի՞նչ բժշկական միջամտության արդյունքում Մովսիսյանը կարող էր կենդանի մնալ։
Նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը կապված է եղել Մովսիսյանի գործում առկա անճշտությունների հետ: