Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում տասնյակ երեխաների թունավորման դեպքի առնչությամբ ուսումնասիրություններ է սկսել Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)։ Համաձայն ՍԱՊԾ֊ի տարածած հաղորդագրության, Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել են մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից։ Կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չէին հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են:
ՍԱՊԾ֊ը ճշտել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ընկերության արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանին, որ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ընկերությունում ստուգում իրականացնել:
Պետական ծառայության կողմից ուսումնասիրվել են նաև մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները՝ պարզելով, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարծ նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել:
ՍԱՊԾ-ը նշում է, որ ուսումնասիրությունների ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ կտրամադրի։