Թբիլիսիում զրուցել են հայ գրող Վահե Ավետյանն ու Գյունել Մովլուդը (ադրբեջանցի գրող — Epress.am)։ Հարցազրույցը հրապարակվել է ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով։ Վահե Ավետյանի դիրքորոշումն ինձ հայտնի է, հետևաբար, ինձ համար նոր չեն նրա արտահայտած մտքերը հայերի մասին։
Եվ Գեորգի Վանյանը, և Վահե Ավետյանը կարողանում են նյարդայնացնել հայերին։ Նրանք արմատական կարծիքներ են հայտնում, ու դա չեն անում այնպես նրբորեն ու իմաստուն կերպով, ինչպես Հրանտ Մաթևոսյանը։
Գեորգի Վանյանը բազմիցս խնդրել է՝ «հրավիրեք ինձ Ադրբեջան, կգամ, խաղաղության կոչ կանեմ, ներողություն կխնդրեմ Խոջալուի համար»։
Նման այցը պետք է թե պարոն Վանյանին՝ ցույց կտա, թե որքան անկեղծ ու համերաշխ է իր խաղաղարար գործունեությունում, թե ադրբեջանական կողմին՝ մեկ հայը կպատռի իր ազգի ու իր իշխանությունների դիմակը։ Ինչպես գիտենք, սակայն, Վանյանին չհաջողվեց գալ Ադրբեջան։ Թույլ չտվեցին։ Ու բազմաթիվ խնդրանքները հաշվի չառան։
Վահե Ավետյանի հարցազրույցից էլ դժգոհողներ կան ու հիմա կրակ են թափում․ «Ո՞վ է այդ Վահե Ավետյանը, որ նրա արտահայտություններն այդպես տարածվում ու առաջ են տարվում»։
Նույնիսկ Վահե Ավետյանի հայտարարությունը «վայրենությամբ հայերին չհավասարվելու» մասին չհովացրեց ադրբեջանցի հայրենասերների սրտերը։ Նրանք չեն ցանկանում հավատալ հայի։ Նկատի չունեմ դերասանություն անողներին, այլ նրանց, ովքեր անկեղծորեն ատում են հայերին․ մեզ մոտ կան հայերին անկեղծորեն չհավատացողներ։ Եթե անգամ մեջքի վրա սողան դեպի երկնաքեր լեռան գագաթը, չեն հավատա։
Ժողովուրդն ունի պարզ խոստովանություն լսելու կարիք։ Թող հայերը ասեն, որ «Ղարաբաղն ադրբեջանական հող է, մենք այնտեղ հյուրեր ենք, մենք գրավել ենք այդ հողերը․․․»։
Միգուցե այդ ժամանակ հավատան ու գոհ լինեն։ Բայց ոչ ոք նման բան չի ասում։ Այդ մասին ժամանակ առ ժամանակ խոսում են բարի կամքի հայերը (խաղաղարարները)՝ նշելով, որ «նման խոստովանությունից որևէ գործնական օգուտ չի լինի»։ Հնարավոր է՝ նրանք ճիշտ են։
Այդ դեպքում ստացվում է, որ Աքրամ Այլիսլին և՞ս որևէ գործնական օգուտ չունեցող գործ է արել։ Ինձ համար կարևոր չէ հայի շուրթերից լսել՝ «Ղարաբաղը ադրբեջանական հող է», Գյունելի համար էլ կարևոր չէ․ նա ասում է, որ «խոստովանությունների կարիք չունենալով՝ չի վիճել Ղարաբաղի պատկանելության շուրջ»։ Միգուցե հենց դրանո՞ւմ է Աքրամ Այլիսլիի գործնական օգուտը։ Նա մեր ծայրահեղականն է։ Առավել ևս՝ պատմությունն այնպես է դասավորվել, որ մեր ծայրահեղականն էլ է ծագումով Նախիջևանից։ Հողն է ծնում։
Խնդիրը կոծկելով՝ այն չես լուծի։ Խնդիրը կարելի է բետոնածածկել ու, կարծես ոչինչ չի եղել, ևս հարյուր տարի ապրել այդ բետոնի վրա։ Այդ խնդիրները, սակայն, մի օր կպայթեն կոյուղու ժանգոտած խողովակի պես՝ կեղտով պատելով ամբողջ շրջակայքը։ Հետևաբար, խաղաղությունը պետք է կառուցվի առողջ հիմքի վրա։ Իսկ որպեսզի այն առողջ լինի, ինչ֊որ մեկը պետք է ավելի զիջող լինի։ Այսօր երկու կողմերն էլ ամեն ինչ անում են՝ ավելի զիջողի դերում չհայտնվելու համար։ Ոչ ոք չի ցանկանում կորցնող կողմը դառնալ։
Վահեն ասում է, որ «մեր մտավորականությունը թուրքերին թշնամի չի համարում, դա անում են տգետ մարդիկ»։ Կախված է նրանից, թե ում ես մտավորականություն անվանում։ Հայաստանում քանի՞ մարդ է Զորի Բալայանին մտավորական համարում։ Դու կարո՞ղ ես նրանց ասել՝ Զորի Բալայանը մտավորական չէ։
Ըստ Վահե Ավետյանի՝ Զորի Բալայանը ԿԳԲ֊ի գործակալ է, Ռուսաստանի ստրուկ, ամենավերջին մարդ։ Ավետյանն ինքն էլ հասկանում է, որ այսօր Հայաստանում հաղթել են Զորի Բալայանի գաղափարներն ու իդեալները։ Այդ պատճառով էլ Վահե Ավետյանն ապրում է Շվեդիայում․ Զորի Բալայանը հաղթել է։
Ես գիտեմ փախստականների, որոնք ամեն օր հայկական կայքերում դիտում են կորցրած տարածքների լուսանկարներ ու կիսվում դրանցով, երբ նոր նկարներ են հայտնվում։ Ես ինքս էլ կարոտում եմ Բաքում։ Մանկությանս, երիտասարդությանս Բաքուն սրտումս հատուկ տեղ է զբաղեցնում։ Նույնիսկ 20 տարի անց փախստականները հաճույքով են խոսում իրենց գյուղերի, համայնքների, այդ վայրերի բնության, իրենց տների ու տնտեսությունների մասին։ Դա է պատճառը, որ չեմ կասկածում Բաքուն կարոտող հայերի անկեղծության մեջ։
Բայց չէ՞ որ հենց հայերն են Բաքուն զրկել իր աշխարհաքաղաքացիությունից։
Լև Տոլստոյը 1900 թվականին «Հայրենասիրություն և կառավարություն» հոդվածում գրում էր․ «Արդեն մի քանի անգամ ստիպված եմ եղել արտահայտել միտքը, որ հայրենասիրությունը մեր ժամանակներում անբնական, անմիտ, վնասակար զգացում է, որի հետևանքով է առաջացել մարդկությանը տառապանք պատճառող աղետների մեծ մասը, ու որ, հետևաբար, այդ զբացումը չպետք է դաստիարակվի, այլ, ընդհակառակը, ճնշվի ու ոչնչացվի խելամիտ մարդկանցից կախված բոլոր միջոցներով»։
Ալի Աքբար, Musavat.com, 20. 11. 2014