Այսօր Հյուսիսային պողոտայում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում անցկացվել է տեղեկատվական միջոցառում՝ «Խաղաղությունը կնոջ ձեռքերով» խորագրով: Ակցիան կազմակերպվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և «Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման անդամների կողմից: Ակցիայի մասնակիցները երկու մեծ պաստառներ էին բռնել՝ «Ո՛չ պատերազմին» և «Այո՛ Խաղաղությանը» գրառումներով:
Միջոցառման մասնակիցները լուռ կանգնել են Հյուսիսային պողոտայում՝ ձեռքերում պահելով հայտնի հայազգի ֆեմինիստների կոչերը:
Սրբուհի Տյուսաբ․ «Մարդկությունը մի է, ազգերը նույն մարդկության զավակներին են՝ զորս կլիմաները, հեռավորությունը, ընկերային շահերը, մարդկային կիրքերը իրարու թշնամի դարձուցած են, բայց վերջապես իրենց ծագումը նույնն է, քանի որ մարդկության մեծ մարմինն է: Նույնն է և յուրյանց նպատակը՝ այսինքն՝ առաջադիմությունը»:
Զապել Եսայանը․ «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիկական հատկությունները զարգացնելու համար: Ինքզինքնին հարգող բոլոր կիներուն իդեալը միայն հաճելի ըլլալը պետք չէ լինի, այլ երկրիս վրա գործոն բարերար տարր դառնալը»:
Ակցիայի կազմակերպիչների ներկայացմամբ՝ «Խաղաղությունը կնոջ ձեռքերով» հանրային միջոցառման նպատակն է «անդրադառնալ խաղաղության գաղափարին՝ հետադարձ ակնարկ նետելով մեր օրերում տեղի ունեցող բազմաթիվ հակամարտություններին ու դրանցից տուժած բազում ճակատագրերին, փորձելով այդ դառը փորձին հակադրել հնարավոր ու հասանելի խաղաղությունը»։