Անշրջելի բան չկա, և ոչ ոք լուսանցքային չէ, ամեն մեկը կապ ունի Հայաստանում: Այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է իր կուսակցության հրավիրած հանրահավաքը: ԵՏՄ֊ին միանալն «անշրջելի էր» անվանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանը, սակայն Հովհաննիսյանը, դիմելով Հայաստանի՝ ԵՏՄ֊ին միանալու օգտին քվեարկած ԱԺ 107 պատգամավորներին, ասել է, որ նրանք ժամանակ ունեն իրենց սխալն ուղղելու:
«Ժառանգությունն» այսօրվա հավաքով սկսել է իր հանդիպումների շարքը Հայաստանի տարբեր քաղաքաներում, որոնք կուսակցության առաջնորդը նախաձեռնել է այն բանից հետո, երբ ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, դադարեցրել է հանրահավաքների անցկացումը։ Եռյակը Երևանում երկու հանրահավաք էր անցկացրել հոկտեմբերին, իսկ դրան նախորդել էին մարզային հանրահավաքները։
«Ժառանգության» այսօրվա հանրահավաքին մի քանի հարյուր մարդ էր ներկա։ Դիմելով ներկաներին՝ Հովհաննիսյանը խոսել է նաև բանակում երեկ տեղի ունեցած միջադեպերից՝ Հայաստանում զինծառայողի վիրավորվելուց և ԼՂՀ֊ում զինվորի մահվան դեպքից: «Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ բանակում խաղաղ պայմաններում սպանության դեպքերը, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ը պետք է բացահայտվեն։ Նշենք, որ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին ներկա էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ ամեն շաբաթ բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, որոնցից մեկը՝ Անահիտ Մկրտչյանը, ելույթով է հանդես եկել՝ պահանջելով արդար քննել իրենց զավակների գործերը։