Ռուսաստանի ու Վրաստանի միչև օդային փոխադրումների ազատականացումը ձախողվել է, գրում է ռուսական «Կոմերսանտը»։ Ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերությունների հետ մրցակցող Georgian Airways ազգային փոխադրողի շահերը պաշտպանելու համար՝ Վրաստանը մերժել է դեպի Թբիլիսի ռուսական «Տրանսաէրո» ընկերության կանոնավոր չվերթների թույլտվությունն ու կրճատել «Աէրոֆլոտ» և «Սիբիր» ընկերությունների չվերթները՝ շաբաթական 14-ից հասցնելով 10-ի։ Այս որոշումը կայացվել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո գործող Քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից՝ ազգային փոխադրող Georgian Airways֊ի «կատեգորիկ պահանջների» հիման վրա։ Գործակալությունը նաև հրաժարվել է կանոնավոր չվերթների մշտական արտոնագիր տրամադրել «Տրանսաէրոին» և «Գլոբուսին» («Սիբիրի» դուստր ընկերություն)։
Անցած շաբաթ Georgian Airways-ը «Աէրոֆլոտին» մեղադրել էր Մոսկվա֊Թբիլիսի չվերթի ավիատոմսերի գների արհեստական նվազեցման մեջ, ինչի հետևանքով վրացական ընկերության չվերթների ծանրաբեռնվածությունը կրճատվել է 60֊ից 70 տոկոսով: Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Իյասա Զաուտաշվիլին նաև սպառնացել է մեկընդմիշտ դադարեցնել չվերթներն այդ ուղղությամբ: Թբիլիսիում «Կոմերսանտի» աղբյուրների համաձայն՝ խնդիրը վրացական փոխադրողի օգտին լուծելու համար ներգրավվել են «խորհրդարանական հնարավոր բոլոր կապերն ու նույնիսկ՝ պատրիարքարանը»:
Ըստ կողմերի համաձայնության՝ այս ուղղությամբ փոխադրողների թվի վերաբերյալ որևէ սահմանափակումներ չկան։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից երթուղին օգտագործելու թույլտվություն ստացել է 12 ընկերություն, մինչդեռ Georgian Airways֊ը Վրաստանից միակ փոխադրողն է։ Երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ 1993 թվականին կնքված համաձայնագրի մեջ ասված է, որ «պայմանագրային կետերի գործարկման դեպքում արտոնագրված ավիաընկերությունը պետք է հաշվի առնի նույն երթուղու վրա գործող այլ փոխադրողի շահերը»։
Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 2008 թվականի օգոստոսից՝ Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով:
2010 թվականից իրականացվում էին չարտերային չվերթներ՝ «Ուրալի ավիաուղիներ», «Սիբիր» և Georgian Airways ավիաընկերությունների կողմից։ Կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման մասին հայտարարվել էր դեռևս 2014 թվականի սեպտեմբերին, իսկ արդեն հոկտեմբերի 26֊ին «Աէրոֆլոտն» իրականացրել է առաջին չվերթը Մոսկվայից Թբիլիսի։