Ստորև ներկայացված «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածի հատվածը Epress.am֊ում տպագրվել է դեկտեմբերի 9-ին։ Դեկտեմբերի 10-ին թերթը հանդես է եկել պարզաբանումով՝ ընդգծելով, որ «հրապարակման մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողի կողմից հնչեցված գնահատականները և կարծիքները վերագրվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ասղիկ Բեդեվյանին։ Հայցում ենք մեր ընթերցողների և գործընկերների ներողամտությունը»։
Ազգային Ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների գործունեությունն «ավելի արդյունավետ» դարձնելու հիմնավորմամբ երեկ խորհրդարանում քննարկվում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը։
«Ժողովուրդ» թերթը նշում է, որ ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի նախաձեռնած քննարկմանը ներկա էին սակավաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ 25 կետից բաղկացած նախագծի քննարկումն, ըստ Բաբայանի, նպատակ ունի լրագրողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցել միայն։
– Ներեցեք, իհարկե, որ ես ձեզ տեղեկացնում եմ ձեր իրավունքների և պարտականությունների մասին, – ասաց Բաբայանը։
– Մինչ Ձեր բարձրացրած աղմուկը՝ մենք շատ էլ լավ կարողանում էինք աշխատել ԱԺ-ում, և որևէ մեկը չէր ասում, որ մենք տեղյակ չենք մեր իրավունքներից և պարտավորություններից, – վրդովված արձագանքեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Աստղիկ Բեդևյանը։
Լրագրողները դժգոհություն հայտնեցին հատկապես 9-րդ և 23-րդ կետերի մասով։ Առաջին դեպքում սահմանվում է․ «Հավատարմագրման ենթակա են ՀՀ արդարադատության նախարարությունում հաշվառված 3.000 և ավել տպաքանակ ունեցող օրաթերթերը, 1.000 և ավել տպաքանակ ունեցող ամսագրերը և շաբաթաթերթերը»։ Ըստ «Ժողովուրդի» լրագրող Լուսինե Հակոբյանի, ստացվում է, որ Հայաստանում, բացի իրենց օրաթերթից, կկարողանա հավատարմագրվել միայն «Հայկական ժամանակը»։
23-րդ կետի «ա» ենթակետի մասով սահմանվում է․ «Մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»։ Մի լղոզված պահանջ, որի տակ կարելի է ցանկացած բան հասկանալ՝ խոչընդոտելու համար լրագրողների աշխատանքը, նշում է Լուսինե Հակոբյանը և կրկին մեջբերում Աստղիկ Բեդևյանին․
– Դուք կարող եք ասել, որ Մհեր Սեդրակյանի ոչ հայեցի հայտարարությունները լուսաբանելը չի բխում պատգամավորի շահերից, բայց այդ ընկալումը շատ հակասական է։ Նայած թե ում տեսանկյունից է հարցը դիտարկվում։
մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 9-ի համարում
լուսանկարը՝ shamshyan.com կայքից