Home / Հայաստան / Հանքարդյունաբերական թափոնների հնարավոր հարկի չափը ծիծաղելի է․ բնապահպաններ

Հանքարդյունաբերական թափոնների հնարավոր հարկի չափը ծիծաղելի է․ բնապահպաններ

Բնապահպան Գրետա Գաբրիելյանը հանքաարդյունաբերական թափոնների 1 տոննայի համար 30 դրամ հարկի հնարավոր ներմուծումը համարում են մարդկանց աչքերին թոզ փչել:

«30 դրամ մեկը տոննայի համար, դա ընդհանրապես ծիծաղելի է: Նույնիսկ անվնաս թափոնները, օրինակ, շինարարական աղբը, ավելի բարձր է հարկվում՝ տարեկան 1600 դրամ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գաբրիելյանը: Ըստ նրա՝ նախարարությունը փորձում է հանքարդյունաբերական թափոնները չհարկել՝ պնդելով, որ դրանք «տեխնածին հանքեր» են:

«Մինչդեռ թափոնները չեն կարող տեխնիկական հանք կոչվել, եթե դրանք ոչ մի երկրաբանական եզրակացություն չեն ստացել»,-ասել է Գաբրիելյանը:

Նշենք, որ այժմ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանքարդյունաբերողները չեն վճարում թափոնների համար: Ներկայումս առաջարկվում է սահմանել 1 տոննա թափոնի դիմաց ընդամենը 1,5-ից 30 դրամ դրույքաչափ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեմ է արտահայտվել անգամ այդ աննշան հարկմանը․ «Առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի զգալի ֆինանսական ծախսերի հանքաարդյունահանման ոլորտում գործող ընկերությունների համար: Հաշվի առնելով, որ արդյունահանվող արտադրանքը հանդիսանում է բորսայական ապրանք, որի գինը ձևավորվում է միջազգային շուկայում, և որոնց բնորոշ է խիստ տատանողական վարքագիծ, ապա առաջարկվող փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա, կխոչընդոտի գործող ընկերությունների բնականոն գործունեությունը և նոր ներդրողների մուտքը ոլորտ: Ուստի, առաջարկում ենք վերանայել լեռնաարդյունահանման ոլորտում նախատեսվող դրույքաչափերի կիրառումը»:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նախարարի նման արձագանքը սպասելի է որակում։

«էներգետիկայի նախարարությունը առանց նախագծերի հանքարդյունաբերության թույլտվություն է տալիս, ստորագրություններ և ամսաթվեր է կեղծում: Նման աննշան ու ծիծաղելի հարկմանը դեմ լինելն ինչ է որ»,- Epress.am-ի հետ զրույցում նախարարի խոսքերը մեկնաբանել է Ադամյանը: