Հարավային Կովկասի երկրները, Կենտրոնական Ասիան ու Մերձբալթիկան Ռուսաստանի էքսպանսիայի երեք հնարավոր ուղղություններն են։ Ադրբեջանական Minval.az լրատվական գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել իսրայելցի վերլուծաբան, «հիպերսիոնիստների» շարժման անդամ Աբրահամ Շմուլևիչը։ Ընդ որում, ըստ նրա, ռուսաստանյան ագրեսիայի տեսանկյունից ամենախոցելի երկրներն են Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը։
֊ Կարծում եմ, եթե Պուտինը հարձակվեր մերձբալթյան, ՆԱՏՕ֊ի անդամ երկրների վրա, ապա, ամենայն հավանականությամբ, Արևմուտքն ուժային միջամտության համարձակություն չէր ունենա։ [Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա] Օլանդի այցը, սակայն, վկայում է այն մասին, որ Պուտինին, վերջիվերջո, հաջողվել է գործի դնել ողջամտության մնացորդներն, ու նա որոշել է՝ դա շատ վտանգավոր է ու անխուսափելիորեն կհանգեցնի իր իսկ Ռուսաստանի ոչնչացմանը։
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, Ղազախստանին, ապա Արևմուտքն ու ամերիկացիները ակտիվ աջակցություն են ցուցաբերել, բաց տեքստով հայտարարել, որ թույլ չեն տա՝ Պուտինն ագրեսիա գործադրի Ղազախստանի դեմ։ Ավելին՝ այստեղ նա կոնֆլիկտի մեջ է մտնում Չինաստանի հետ, որը շատ ակտիվ է այդ տարածաշրջանում։ Իսկ Չինաստանի դեմ Պուտինը չի գնա․ նրա բոլոր գործողություններն այսօր համապատասխանում են Չինաստանի շահերին։
Մնում է Հարավային Կովկասը, որտեղ Պուտինը 2008 թվականին քարտ֊բլանշ է ստացել։ Բացի դա, ի տարբերություն Ուկրաինայի, Կովկասում ռուսներն ավելի հմտորեն ու հաջող են գործում։ Այստեղ նրանք գործում են լավագույն կայսերական ավանդույթներով ու աստիճանաբար ավելացնում են իրենց ազդեցությունը։
Մեր աչքերի առաջ տեղի ունեցավ Աբխազիայի անեքսիան։ Մինչ այդ նրանց հաջողվեց հասնել Սաակաշվիլիի ռեժիմի հեռացման․ Արևմուտքը դրան որևէ կերպ չհակազդեց, ընդհակառակը, ինչ֊որ կերպ անգամ օգնեց։ Սաակաշվիլին Պուտինի ռեժիմի համար հսկայական վտանգ էր ներկայացնում, իսկ Վրաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որը հաջողությամբ կանգնել է ապախորհրդայնացման ճանապարհին։
Վրաստանն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի ռազմավարական շահերի շրջանակներում, ընդ որում՝ Վրաստանի կառավարությունը Հարավային Օսիայի ու Աբխազիայի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությանը որևէ կերպ չի հակազդում։ Այո, կան որոշ արարողակարգային բողոքներ, բայց իրական լուրջ դիմադրություն չկա։ Վերջերս Ռուսաստանի ու Աբխազիայի միջև կնքվել է համաձայնագիր, որը, ըստ էության, անեքսիա է։
Ռուսներին հաջողվել է բռնել հայերի կոկորդից․ Հայաստանը հրաժարվեց արևմտամետ կուրսից ու մտավ Եվրասիական միություն։ Ռուսաստանի հաջորդ նպատակը մի քանի տարվա ընթացքում Աբխազիայի ու Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղու բացումն է։
Ու թեև ասում են, որ դա ճանապարհ է դեպի Հայաստան, դա ամենևին էլ այդպես չէ։ Իրականում, դա ճանապարհ է դեպի Իրան, որը Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունի։ Երկաթուղին Ռուսաստանին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը Վրաստանում, Հայաստանում, ինչպես նաև երկիրն ուղղակիորեն կապել Իրանի հետ։
Հայաստանում ռուսական ռազմաբազան այսօր մեկուսացված է․ ճիշտ է՝ Սաակաշվիլիի ռեժիմի տապալումից հետո Վրաստանի տարածքով ճանապարհը ռուսների համար բաց է, ու նրանք կարող են չվախենալ, որ այն կփակվի քաղաքական նպատակներով։ Այդ ճանապարհը, սակայն, անհուսալի է լեռնանցքների ու փոքր լինելու պատճառով։ Իսկ երկաթուղին թույլ կտա Ռուսաստանն արդյունավետ ու հուսալի կերպով կապել Հայաստանի ու Իրանի հետ, իսկ ապագայում նաև՝ Թուրքիայի։
Սև ծովում Ռուսաստանի նավահանգիստները ծանրաբեռնվածությանը չեն դիմանում, ու դրանք ընդլայնել հնարավոր չէ։ Ի դեպ, Ուկրաինայում Պուտինի նպատակներից մեկը ռուսաստանամետ կառավարության հաստատումն էր, որը աչք կփակեր Ղրիմի անեքսիայի վրա՝ թույլ տալով Ռուսաստանի ու թերակղզու միջև Ուկրաինայի տարածքով ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն հաստատել։ Դրան հասնել չհաջողվեց, Կերչի կամրջի ճակատագիրը պարզ չէ․ նրանք դեռևս ի վիճակի չեն շինարարություն սկսել։ Իսկ Աբխազիան, Վրաստանը, Հայաստանն ու Թուրքիան կապող երկաթուղային հաղորդակցության առկայությունը թույլ կտար ինչ֊որ չափով բեռնաթափել Ռուսաստանի սևծովյան նավահանգիստները։
Վրաստանի նախկին կառավարությունը հրաժարվում էր կառուցել այդ ճանապարհը, իսկ նորը հայտարարել է, որ նախագծին դեմ չէ։ Աբխազիայի նախկին «նախագահ» Անկվաբը, ի դեպ, նույնպես դեմ էր այդ ճանապարհին։ Կրեմլը, սակայն, նրան փոխարինեց։
Ադրբեջանը, իր հերթին, կտրականապես դեմ է այդ երկաթուղու բացմանը, քանի որ այն, առաջին հերթին, համապատասխանում է Հայաստանի շահերին։ Այսօր Վրաստանը խիստ կախվածություն ունի Ադրբեջանից․ Ադրբեջանի ղեկավարությունը Վրաստանի տնտեսական դրությունը վատթարացնելու բավական հնարավորություններ ունի։ Ռուսներն այդ դեպքում պարզապես ի վիճակի չէին լինի ֆինանսավորել Վրաստանը։ Հետևաբար, ռուսաստանյան դիվանագիտության հաջորդ քայլը Ադրբեջանին կոտրելն է, անել այնպես, որպեսզի պաշտոնական Բաքուն գործնականում համաձայնի այդ երկաթուղու բացմանը (բանավոր բողոքները հաշիվ չեն)։ Եթե ռուսներին հաջողվի չեզոքացնել Ադրբեջանի առարկությունները, ապա կարելի է ասել, որ Ադրբեջանը, հետևելով Հայաստանին ու Վրաստանին, նույնպես կհայտնվի Ռուսաստանի ազդեցության գոտում։ Իսկ դա կհանգեցնի այդ երկրի անկախության ոչնչացման։