Հադիջա Իսմայլովան, այնպես, ինչպես Լեյլա Յունուսը, գտնվում է բանտում, գրում է ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի բելառուսցի թղթակից Իրինա Խալիպն իր՝ ««Ինքնասպանն» արդեն ցուցմունք է տալիս․ ինչու է ձերբակալվել ադրբեջանցի լրագրողը» հոդվածում։
֊ Հուլիսին Հադիջա Իսմայլովայի հետ կանգնած էինք Վիեննայում ԵԱՀԿ շենքի առջև՝ մեր երկրների բանտերում քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների մասին կլոր սեղանից հետո։ Պայմանավորվեցինք հետագա հանդիպումների, համատեղ նախագծերի մասին։ Հոկտեմբերից սկսած, սակայն, նրան դադարեցին Ադրբեջանից դուրս թողնել․ դատախազությունը նրա ելքն արգելել էր՝ որպես քրգործով վկա։ Իսկ դեկտեմբերի 5֊ին Հադիջային ձերբակալեցին։ Արդեն՝ որպես մեղադրյալ։
Իսկ Իլհամ Ալիևի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը նույն օրը հսկայական հոդված հրապարակեց՝ «Երկակի չափանիշների համաշխարհային կարգն ու ժամանակակից Ադրբեջանը» խորագրով։ Բնականաբար, ընդդիմության ու դրա օտարերկրյա տերերի մասին։ Մեհտիևին ամենից շատ վրդովեցնում էին երկու ադրբեջանցի կանայք՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու լրագրող Հադիջա Իսմայլովան։ Լեյլա Յունուսին ձերբակալել են դեռևս հուլիսի 30֊ին․ նա արդեն չորս ամիս գտնվում է բանտում պետական դավաճանության մեղադրանքով։ Հադիջան դեկտեմբերի 4֊ին դեռ ազատության մեջ էր։ Մեհտիևը նրա մասին գրել էր․ «Նա իր «ընկերների» հետ միասին «ջանասիրաբար» հակաադրբեջանական ծրագրեր է նախաձեռնում, անվայել հայտարարություններով հանդես գալիս, հասարակության հայտնի ներկայացուցիչների դեմ ակնհայտ թշնամական վերաբերմունք ցուցադրում, վիրավորական բնույթի ստեր տարածում։ Հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, որ «Ազադլիգ» ռադիոկայանի աշխատակիցները շատ սայթաքուն ճանապարհի վրա են կանգնել։ Այն, որ կեղծ տեղեկության տրամադրումը հավասարազոր է արտասահմանյան հատուկ ծառայությունների համար աշխատելուն, ապացույցի կարիք չունի»։
Ըստ էության, վարչակազմի ղեկավարն արդեն լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանք էր ձևավորել։ Հադիջային, սակայն, այլ հոդվածով ձերբակալեցին՝ «ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է 3֊ից 7 տարվա ազատազրկում։
«Ինքնասպան» Թուրալ Մուստաֆաևն արդեն Հադիջայի դեմ ցուցմունքներ է տալիս։ Նա «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից էր, որին 2013 թվականին հեռացրել են աշխատանքից՝ իբր՝ Հադիջայի հրամանով։ Այնուհետև նրան հեռացրել են նաև հաջորդ աշխատանքից, կրկին՝ Հադիջայի հրամանով։ Արդյունքում, երիտասարդը հոկտեմբերի 21֊ին առնետի թույն է ընդունել, տեղափոխվել հիվանդանոց, իսկ ապաքինվելուց հետո՝ դիմել դատախազություն ու հայտարարել, որ իր չհաջողված ինքնասպանության մեջ պետք է մեղադրել Իսմայլովային։
Հադիջան աշխատում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում, ինչպես նաև՝ համագործակցում Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի հետ։ Արդեն երկար տարիներ հետաքննում է Ալիևների կլանի ապօրինի ֆինանսական գործունեությունը։ Հենց Հադիջան է գրել հոդվածներ այն մասին, թե ինչպես էին Ալիևի դստրերը գաղտնի կերպով դառնում խոշորագույն ընկերությունների բաժնետերեր, ինչպես էին հետո այդ ընկերություններն առանց որևէ մրցույթի ստանում պետական պատվերներ, ինչպես էին փոխերը գնում օֆշոր։
Երկու տարի առաջ Հադիջայի հարցերը փորձեցին լուծել ստորագույն կերպով․ հատուկ ծառայությունները նրա տանը տեսախցիկներ էին տեղադրել, հետո անձնական բնույթի տեսահոլովակները տեղադրել համացանցում։ Հադիջայի հարազատ եղբայրը բարեպաշտ մահմեդական է, և պետական թերթերում սկսեցին հայտնվել գրառումներ՝ «ինչո՞ւ է լռում ընտանիքը խայտառակած Իսմայլովայի եղբայրը» թեմայով։ Մի անգամ Հադիջային զանգահարել է բարեկամներից մեկն ու նախազգուշացրել՝ «փախիր տնից, եղբայրդ գալիս է քեզ սպանելու, որպեսզի մաքրի խայտառակությունը»։
Այս ամենի հետևանքով Հադիջայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, նրա ստամոքսը վիրահատվել է։ Այժմ նրան հատուկ սննդակարգ է անհրաժեշտ, որը հազիվ թե համապատասխանի բանտայինին։ Ինչևէ, ձերբակալությանը Հադիջան վաղուց էր պատրաստ։
Դեռևս անցյալ ձմեռ նա «Ֆեյսբուք»֊ի իր էջում հրապարակել էր հրահանգներ իր համախոհների ու գործընկերների համար, ինչպես նաև ցանկություններ՝ ուղղված արևմտյան դիվանագետներին։ Իսմայլովան կոչ էր անում, որպեսզի իր ձերբակալության դեպքում նրանք հնարավորինս հրապարակային լինեն․ «Իմ գործի վերաբերյալ որևէ մասնավոր դիվանագիտություն չեմ ուզում։ Ես չեմ հավատում փակ դռների հետևում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Խնդրում եմ, որքան հնարավոր է ակտիվ աջակցություն ցուցաբերեք այս երկրում խոսքի ու անձնական կյանքի իրավունքի ազատությանը։ Հակառակ դեպքում, ես կնախընտրեի, որպեսզի ընդհանրապես ոչինչ չանեիք»։
Հադիջան գիտեր՝ ինչ էր ասում։ Մենք՝ բռնապետական պետությունների քաղաքացիներս, այդ ամենը լավ գիտենք։ Ձեռքսեղմումներ սեղանների տակ, գաղտնի բանակցություններ, ոչինչ չփոխող դատապարտող բանաձևեր․ միևնույն ժամանակ, հսկայական լոբբիստական խմբեր Արևմուտքում, որոնք քարոզում են այդ ռեժիմներին աջակցելու ու դրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունը։ Ալիևի մասին նրանք ասում են, որ անկախ քաղաքական գործիչ է, այլ ոչ՝ Կրեմլի ինչ֊որ խամաճիկ, իսկ Ադրբեջանն Ալիևի ղեկավարության ներքո ընթանում է իր սեփական ճանապարհով։ Նույն մարդիկ Լուկաշենկոյի մասին ասում են, որ Կրեմլի դասական խամաճիկ է, ու պետք է բոլոր ջանքերը գործադրել նրան Կրեմլից պոկելու ու Եվրամիության գործընկերը դարձնելու համար։ Իսկ դրա համար պետք է փակել աչքերը քաղբանտարկյալների նկատմամբ նվաստացումների, իրավունքի ու ազատության բացակայության վրա ու խոստանալ ավելի մեծ թվով բլիթներ, քան կարող է առաջարկել Ռուսաստանը։ Մակքարթիզմը (ԱՄՆ֊ում 20֊րդ դարի 40֊50֊ական թվականներին տարածված շարժում, որը թիրախավորում էր կոմունիստներին և «հակաամերիկյան տրամադրվածություն» ունեցողներին ֊ Epress.am) բոլոր առումներով վատն էր, բայց դրանից հետո դեռ երկար ժամանակ Արևմուտքում չէին համարձակվում բռնապետների շահերի լոբբինգ իրականացնել։ Իսկ այսօր անում են։ Ու բելառուսական բանտերում նվաստացնում են քաղբանտարկյալներին, ադրբեջանական բանտում խոշտանգում են Լեյլա Յունուսին, իսկ հարևան խցում արդեն կործանելու են Հադիջա Իսմայլովային։