Այսօր ԱԺ֊ն արտահերթ նիստի ընթացքում քննարկել է մաքսային կարգավորումների մասին օրինագիծը, որի նպատակն է Հայաստանում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՏՄ համաձայնագրին, որը Հայաստանի ԱԺ-ն արդեն վավերացրել է:
ԱԺ-ի աշխատանքները շարունակում են բոյկոտել ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունները: Չնայած դրան, այսօրվա նիստին ներկա էին «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը, իսկ ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը։
Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ինքը, կտրականապես դեմ լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, մասնակցելու է նիստին, որպեսզի դեմ քվեարկի ԵՏՄ վերաբերող բոլոր նախագծերին: Բոյկոտը, նրա խոսքով, այս պահին խուսափողականություն է: «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ անդամ՝ Զարուհի Փոստանջյանը, ևս հայտարարել է, որ ինքը եկել է ԵՏՄ֊ին վերաբերող օրինագծերին դեմ քվեարկելու համար:
«Ռուսաստանի տնտեսությունն արդեն իսկ գահավիժում է, և Հայաստանն այդ տնտեսության հետ անելիք չունի: Հայաստանի բռնակցելն այդ միությանը ոչ այլ ինչ է, եթե ոչ դեպի կործանում տանել»,- ասել է Փոստանջյանը:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրել է անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը՝ ասելով. «Դուք արդեն պրովոկացիա եք անում»:
Օրինագիծն ընդունվել է 70 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: