Այսօրվա դրությամբ Ռուսաստանն առանձնապես մտահոգված չէ Հայաստանի ղեկավարությամբ, Մոսկվան իշխող կոալիցիայի վրա վստահ է։ Մյուս կողմից, Հայաստանում իշխանության փոփոխությունը, որպես այդպիսին, Ռուսաստանին չի մտահոգում։ Ռուսաստանին առաջին հերթին անհանգստացնում է այն, թե արդյոք այդ իշխանափոխությունը չի ազդի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա։ Ադրբեջանական Vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ Կրեմլում կա կարծիք, որ Սերժ Սարգսյանի ներկայիս հակառակորդները արտաքին քաղաքականության կտրուկ վերանայման հարցը չեն դնի․ «Եվ «Բարգավաճ Հայաստանը», և «Հայ Ազգային Կոնգրեսը» բազմիցս հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են»։
«Եթե խոսենք մտահոգության մասին, ապա ինձ, որպես փորձագետի, մտահոգում է այն, որ Ռուսաստանը պետք է հարաբերություններ զարգացներ Հայաստանի տարբեր կուսակցությունների հետ, ձվերը մի զամբյուղի մեջ չդներ, քանի որ Սարգսյանի վերաբերյալ դժգոհությունը կարող է վերածվել Ռուսաստանի վերաբերյալ դժգոհության։ Փոխարենը Ռուսաստանը կապ է պահպանում միայն Սարգսյանի հետ՝ մյուսների հետ հարաբերություններ չհաստատելով։ Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ռուսաստանի՝ տարբեր կուսակցությունների աջակցել ասելով՝ նկատի չունեմ, որ Մոսկվան պետք է վաղը հրաժարվի Սարգսյանին աջակցելուց։ «Համատեղ» չի նշանակում «փոխարեն»։ Այսօր ընդդիմություն է, վաղը կարող է իշխանություն դառնալ»,֊ ասել է փորձագետը։
Խոսելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանի աջակցությամբ երկրի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորության մասին՝ Մարկեդոնովն ընդգծել է, որ Մոսկվան աջակցություն կցուցաբերի յուրաքանչյուրին, ով կասի՝ կողմ է ԵՏՄ֊ին, ՀԱՊԿ֊ին ու չի փոխի ռուսաստանամետ կողմնորոշումը։
– Վստա՞հ եք, որ Ռոբերտ Քոչարյանը նման բան կասի։
֊ Ներկայիս պայմաններում դա կասի Հայաստանի ցանկացած նախագահ՝ այս կամ այն ինտոնացիայով։ Միգուցե ոչ այնքան ուժեղ, որքան Սարգսյանը, բայց՝ կասի։ Այստեղ՝ Մոսկվայում, հաճախ Արևմուտքում, և նույնիսկ ավելի հաճախ նույն Հայաստանում կան նման կլիշեներ՝ Սարգսյանը ռուսաստանամետ է, Տեր֊Պետրոսյանը՝ արևմտամետ։
Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանում ռուսական ռազմա֊քաղաքական ներկայության ողջ իրավական հիմքը դրվել է Տեր֊Պետրոսյանի օրոք։ Համաձայնագիր ռուսական ռազմաբազայի, սահմանների պաշտպանության, բարեկամության մասին։ Հետևաբար, չէի ասի, որ Տեր֊Պետրոսյանը Ռուսաստանի համար այդքան տհաճ քաղաքական գործիչ է։
Ի դեպ, 2008 թվականին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի հնգօրյա պատերազմից հետո, այդ իրադարձություններն օսեթների նկատմամբ ցեղասպանություն անվանեց հենց Տեր֊Պետրոսյանը, այլ ոչ՝ Սարգսյանը։
Հայաստանում արևմտամետ քաղաքական գործիչներ կան, բայց նրանք քիչ են։ Չեմ կարծում, որ նույն ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը հավակնում է երկրի առաջին դեմքի պաշտոնին։
֊ Այսպես կոչված «ղարաբաղյան կլանում» նոր դեմք կհայտնվի՞։
֊ Կարծում եմ՝ «ղարաբաղյան կլան» հասկացությունը, որպես այդպիսին, առասպել է։ Սարգսյանն ու Քոչարյանը ծագումով Ղարաբաղից են։ Կարելի՞ է, սակայն, նրանց միանման քաղաքական գործիչներ անվանել։ Կարծում եմ՝ ոչ։ Տեր֊Պետրոսյանն ընդհանրապես ծագումով Մերձավոր Արևելքից է, բայց ստեղծել է Ղարաբաղի հարցով զբաղվող հանձնաժողով։ Չեմ կարծում, որ ղարաբաղցի լինելն այստեղ վճռորոշ նշանակություն ունի։